Դատական օրենսգրքի փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որը երեկ՝ փետրվարի 3-ին, Ազգային ժողովն ընդունեց, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է։ Այս մասին irakanum.am-ը տեղեկացավ նախագահի աշխատակազմից։

Նշենք, որ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը նախագահը ստորագրում ու հրապարակում է 21-օրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը: Եթե նախագահը չի կատարում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը:

Համաձայն նախագծի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորներ, որոնք ունեն քրեական մասնագիտացում, քննելու են միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը եւ ՀՀ տարածքում իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունները։