Այս Ազգային ժողովն իր ամբողջ գործունեության ընթացքում գործել է մի տրամաբանությամբ՝ որ օրենքը խանգարում է իրենց անօրինականությունները գործի դնել, իրենք օրենք են փոխում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Հերթական անգամ իշխանությունը փորձ է անում շատ հապշտապ սահմանդրական օրենքների փոփոխություններ իրականացնել։ Հիմա էլի ձեւախեղում են դատական համակարգը, նոր մի հատուկ կարգեր են մտցնում դատավորների նշանակման հարցում, որովհետեւ վերջին շրջանում մենք ականատես եղանք, որ իրավապահ համակարգի ուղղակի անթույլատրելի ցանկացած կարծիք արտահայտողին մեկուսացնելու, բանտարկելու այս իշխանության կույր տենչանքին շատ դատավորներ դեմ էին արտահայտվում։ Մարդիկ հասկանում են, որ մի օրով ապրել չի լինի Հայաստանում, ի վերջո օրենքի խախտումը պատասխանատվություն է ենթադրում։ Հիմա իշխանությունը որոշեց՝ լավ, չեք կալանավորում, ես ուրիշ ձեւ կանեմ, կփոխեմ օրենքը։ Հիշեք, որ մեկ տարի առաջ այս օրերին՝ ինչ փոփոխություններով էր զբաղված իշխանությունը. երկրի բոլոր կարեւոր հիմնախնդիրները թողած իրենց քիմքին հաճո Սահմանադրական դատարան էին ուզում ձեւավորել»,- նշեց նա։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ օր չկա, որ «Իմ քայլի» պատգամավորները հիմարություն դուրս չտան. «Այստեղ կանգնած ցանկացած քաղաքացի հասկանում է, որ այս շենքում հավաքված պատգամավորների մի ճնշող մեծամասնություն, որն ունի ցուցանակ՝ «Իմ քայլը» անունով, ամեն օր խայտառակում է մեր ժողովրդին, մեր երկիրը, հայության քաղաքական միտքը, որովհետեւ օր չկա, որ  «Իմ քայլի» որեւէ պատգամավոր հիմարություն դուրս չտա, խայտառակ արտահայտություն չանի, որեւէ պատգամավոր հերթական անգամ վտանգի տակ չդնի մեր անվտանգությունը։ Ամեն արժանապատվություն ունեցող քաղաքացի պետք է իր բողոքն արտահայտի»։

Անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավորները Անուշ Բեղլոյանի աղմկահարույց հայտարարությանը՝ Մանուկյանն ասաց. «Ես էլ եմ եղել պատգամավոր։ Պատգամավորը դա պարտականություն է, պատասխանատվություն է, ամեն պատգամավոր իր խմբակցության առաջ է պատասխանատու, իր երկրի արտաքին քաղաքականության ուղենիշների առաջ։ Պատկերացրեք, նման վիդեոկոնֆերանսների քանի քանի հատ են եղել, որ մենք չենք նկատել։ Եթե այսօր դրա մասին բարձրաձայն ասում են, նշանակում է՝ անցնող ժամանակներում չի բացառվում, որ նման բազմաթիվ հայտարարություններ արած լինեն։ Հայ ժողովուրդը պետք է իմանա 2018 թվականի դեկտեմբեր ամսին Խորհրդարան բերել են 88 հոգանոց պատգամավորական խումբ, որը կարծում է՝ կարեւոր չէ, թե Արցախն ումն է, մոռանանք պատերազմը, ինչպես անենք, որ ադրբեջանցիների հետ համերաշխ ապրենք գումարած Նիկոլ Փաշինյանի՝ Շուշին հայկական չի, մյուս պատգամավորի այն հայտարարությունը, թե Կարսն ի՞նչ հայկական, այնտեղ քրդեր են ապրում։ Ես այլեւս նրանց մեղսունակության վրա կասկածում եմ»։