ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ի պատասխան ընդդիմադիրների՝ նիստի օրակարգի հարցերի առնչությամբ արտահայտած դժգոհությանը, շեշտեց, որ քննարկում են Հայաստանի և Արցախի քաղաքացիների սոցիալական դրությունը մեղմելու նախագծեր:

«Ընդդիմության մոտ հարց է առաջանում, թե ինչ օրակարգ ենք քննարկում և ինչու ենք քննարկում: Քննարկում ենք ՀՀ-ի, Արցախի Հանրապետության քաղաքացիների կյանքը, սոցիալական դրությունը մեղմելու հետ կապված նախագծեր: Քննարկում ենք, թե ինչպիսին պետք է դառնա ՀՀ-ն, նաև Արցախի Հանրապետությունը, քննարկում ենք դատաիրավական համակարգի բարեփոխումները: Շատ տարբեր բաներ ենք քննարկում»,-ասաց Մակունցը:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմության մոտ հարց է առաջանում Շուռնուխի և մյուս հարցերի հետ կապված՝ խմբակցության ղեկավարը հիշեցրեց. «Շուռնուխի սահմանների հետ կապված որոշում է կայացրել՝ այդ թվում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ժամանակին իր քվեարկությամբ: Եվ, եթե կա դժգոհություն, ապա կարծում եմ, որ ժամանակին ԲՀԿ-ն ունեցել է հնարավորություն՝ թե բարձրաձայն արտահայտելու տեսակետը և թե փաստացի դեմ քվեարկելով արտահայտելու իր դիրքորոշումը»:

Ըստ Մակունցի՝ ընդդիմությունը փորձում է թողնել այնպիսի տպավորություն, որ միայն իրենք են սրտացավ ՀՀ, Արցախի քաղաքացիներով, իսկ իշխանությունը՝ ոչ: Նա հիշեցրեց, որ կառավարությունն ամենշաբաթյա կտրվածքով ձեռնարկում է նոր միջոցառումներ և նոր ծրագրեր՝ պատերազմի հետևանքները հաղթահարելու համար: «Եվ այստեղ բոցաշունչ ելույթներով կամ տագնապի զգացողություն փորձելով հաղորդել մեր քաղաքացիներին՝ որևէ կերպ չենք նպաստում ավելի լավ միջավայր ունենալուն»,-ասաց Մակունցը:

Ավելի վաղ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները բողոքել էին ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերից՝ այն համարելով կեղծ օրակարգ: