Irakanum.am-ը շարունակում է ներկայացնել լրատվական դաշտի ներկայացուցիչների տեսակետները իշխող «Իմ քայլի» մի խումբ պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխությոններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ։ Մասնավորապես նախկին լրագրողներ Արթուր Հովհաննիսյանը, Հայկ Կոնջորյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը և Համազասպ Դանիելյանը առաջարկում են արգելել հղում կատարել այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված տվյալները, կամ անանուն աղբյուրներ են (բացառությամբ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, մասնավորապես՝ եթե տեղեկատվությունը ստացվել է լրատվական գործակալությունից, բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից, հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, և դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին):

«Հրապարակ օրաթերթի լրագրող Կորյուն Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով այս նախագծով իշխանությունները ցանկանում են տելեգրամյան ալիքների՝ իրենց համար անցանկալի ինֆորմացիայի հոսքը փակել, բայց քանի որ տելեգրամյան ալիքների դեմ ոչինչ անել չեն կարող, կրկին ամեն ինչ ցանկանում են ԶԼՄ-ների գլխին ջարդել:
«Ըստ նախագծի’ տելեգրամյան ալիքների տարածած բովանդակությունը հրապարակել կարելի է, բայց հղում տալ այդ ալիքներին չի կարելի, սա արվում է այն բանի համար, որ այդ բովանդակության համար կարողանան ԶԼՄ-ներին դատի տալ: Մանավանդ պատերազմական օրերին հստակ երևաց, որ փակ աղբյուրների տված ինֆորմացիան, որը հաճախ հայտվում էր նաև անանուն աղբյուրներում, ճիշտ էր և շատ ավելի արժեքավոր, քան պաշտոնական լրատվությունը, հետևաբար այս նախագիծը նախ խոսքի ազատության սահմանափակում է, արժեքավոր տեղեկատվության հոսքի վրա ազդելու հերթական փորձ և ԶԼՄ-ների դեմ ուղղված հերթական քայլ: Պետք չէ մոռանալ նաև, որ Գովազդի մասին օրենքում էլ են փոփոխություններ նախատեսել՝ կապված շահումով խաղերի գովազդի հետ, ինչը ԶԼՄ-ների համար ֆինանսական խնդիրներ է ստեղծելու, և եթե այս բոլոր գործողությունները մեկ ամբողջության մեջ ենք նայում, ապա պարզ է դառնում, որ լրատվանիջոցների դեմ համակարգված պայքար է տարվում, որը բնականաբար ձախողվելու է»,- նշեց Կորյուն Սիմոնյանը։

168․am կայքի լրագրող Գոհար Սավզյանի խոսքով էլ իմքայլականների հեղինակած նոր օրենքն ակնհայտորեն իշխող ուժի համար քաղաքական խնդիրներ լուծելուն է միտված, սակայն պարզ է, որ իրենց հեռահար նպատակները դատապարտված են անհաջողության։
«Որևէ լրագրող երբևէ աղբյուր չի բացահայտելու, և նրա այդ իրավունքը պաշտպանված է Սահմանադրությամբ ու ՄԻԵԴ նախադեպային որոշումներով։ Այնպես որ այդ առումով սին են նրանց հույսերը, իսկ ինչ վերաբերում է օրենքի այլ հիմնավորումներին, դրանք ընդամենը շղարշ են։ Բոլորն էլ հասկանում են, որ իշխանությունները ցանկանում են իրենց ապահովագրել իրենց համար ու իրենց մասին անցանկալի լուրեր կարդալուց։ Եվ թող լրագրողների մասին լրագրողներից շատ չմտածեն»,- ասաց Գոհար Սավզյանը։

Meganews.am կայքի խմբագիր Մարգարիտա Դավթյանն էլ կարծում է, որ իշխանությունները նման կերպ փորձում են լռեցնել լրագրողներին։ «Այլակարծության և խոսքի ազատության դեմ ռեպրեսիվ պայքար է սկսվել, կարծում եմ, որ սա նոր բռնություն է մամուլի դեմ։ Ինչպես վարչապետը, այնպես էլ իշխանության մի շարք ներկայացուցիչներ ոչ վաղ անցյալում մեդիադաշտի ներկայացուցիչներ են եղել և այսօր իշխանություններն այս ամենը ծառայեցնում են սեփական շահերին, վարկաբեկելով մամուլը և իրենց համար նպաստավոր օրենքներ անցկացնելուն»,-նշեց Մարգարիտա Դավթյանը, հարցադրում անելով, թե միթե՞ այսօր այդքան հրատապ է այս շրջանում լրատվամիջոցներին առնչվող օրենքի այս նախագիծը, քանի, որ մեր երկրում ավելի հրատապ խնդիրների անհրաժեշտություն կա։ «Եվ եթե այսօր օրեսնդիրը հրատապ է համարում այս նախագծի քննարկումը, ապա թող սկսեն Ֆեյսբուքում գրառում անելուց բացի ուրիշ ոչնչով չզբաղվող իրենց պատգամավորներից։ Մենք՝ լրագրողներս հավատարիմ ենք մնալու խոսքի ազատությանն ու անկաշկանդ աշխատանքին»։

«Ժողովուրդ օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանն էլ ասաց․ «Հստակ է մի բան, որ այս նախագիծը ուղղված է այն տելեգրամյան ալիքների դեմ, որոնք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի վերաբերյալ ոչ ցանկալի տեղեկություններ են հրապարակում: Ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ինքնամոռաց որոշել են ծառայություն մատուցել: Փաստորեն այս նախագծի ընդունմամբ տուժելու են այն բարեխիղճ լրատվամիջոցները, ովքեր իրենց աշխատանքը այս տարիների ընթացքում կատարել են շատ պատշաճ ձևով: Անանուն աղբյուրների դեմ, ֆեյք նյուզերի դեմ չկարողանալով պայքարել, որոշել են լրատվամիջոցներին պատժել: Սա անպտուղ նախագիծ է ու այն տապալվելու է, քանի որ այն որևէ հարց չի լուծելու»։

Այս թեմայով այլ կարծիքներ՝ այստեղ։ 

Irakanum.am