Home»Ներքին քաղաքականություն, Տեսանյութեր, Քաղաքականություն»Փաշինյանը քաղաքացիների հետ հանդիպման լայվերը փոխարինել է մոնտաժված տեսանյութերով. այսօր նա այցելել է Արտաշատ

Փաշինյանը քաղաքացիների հետ հանդիպման լայվերը փոխարինել է մոնտաժված տեսանյութերով. այսօր նա այցելել է Արտաշատ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` փետրվարի 3–ին, Արարատի մարզպետարանում խորհրդակցությունից հետո շրջել է Արտաշատում, զրուցել քաղաքացիների հետ։

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե լայվ է մտել քաղաքացիների հետ իր հանդիպումից, ինչպես անում էր դա նախկինում, այլ տեղադրել է մոնտաժված տեսանյութ։

Տեսանյութում միայն Փաշինյանին աջակցող քաղաքացիներ են, որոնք իրենց աջակցությունն են հայտնում և փնովում ընդդիմադիրներին։

«Թշնամին իրանք են, դու չես»,– ասում է մի տղամարդ։

Փաշինյանին շրջայցի ժամանակ ուղեկցում է Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը և անվտանգության մեծ թվով աշխատակիցներ։

Տեսանյութում Փաշինյանը մտնում է խանութներ, հետաքրքրվում՝ ինչպես է առևտուրը, դրանցից մեկում աշխատակիցն ասաց, որ առևտուրը նվազել է, Փաշինյանն ի պատասխան ուշագրավ դիտարկում արեց, թե ՌԴ–ի հետ օդային հաղորդակցությունը բացվելուց հետո մարդկանց ներհոսք կսկսվի։

«Ռուսաստանը որ բացվել է, առաջին օրը ավելի շատ մարդ եկել է, քան գնացել։ Լիքը մարդ կա, որ մի տարի չի եկել Հայաստան։ Մտածում ենք, որ կանոնավոր չվերթները բացվեն, կսկսեն գալ»,– ասաց նա՝ նկատի ունենալով, որ դրանից հետո առևտուրը կաշխուժանա։