Չինաստանը չի սատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝  Մյանմարում ռազմական հեղաշրջումը դատապարտող հայտարարությանը, հայտնում է BBC լրատվականը:

Երկուշաբթի օրը Մյանմարում զինվորականներն զավթել էին իշխանությունը՝ քաղաքական առաջնորդ Աուն Սան Սու Չժիի և զգալի թվով օրենսդիրների ձերբակալությունից հետո: Մյանմարի ամենամեծ քաղաքում ՝ Յանգոնում, աճում են դիմադրության և քաղաքացիական անհնազանդության նշանները:

ՄԱԿ-ի Անվտանգույթյան խորհրդի նիստը կայացել է երեքշաբթի, սակայն խորհրդի անդամ պետությունները համաձայնության չեն եկել, քանի որ Չինաստանը չի սատարել Մյանմարում ռազմական հեղաշրջումը դատապարտող բանաձևը: Համատեղ հայտարարության համար անհրաժեշտ է Չինաստանի աջակցությունը, որը վետոյի իրավունք ունի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ:

Բանակցություններին ընդառաջ, Մյանմարի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քրիստին Շրաները խստորեն դատապարտել է ռազմական հեղաշրջումը, որը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բանակը հրաժարվել է ընդունել նոյեմբերին անցկացված համընդհանուր ընտրությունների արդյունքը:

Մյանմարի հարցերով Սինգապուրի ազգային համալսարանի փորձագետ Էլիոթ Պրասսե Ֆրիմանը նշել է, որ Չինաստանն այսպիսով իր լուռ աջակցությունն է արտահայտում գեներալների գործողություններին: Չինաստանի պետական լատվամիջոցներն, իրենց հերթին, նշում են, որ սա Մյանմարի ներքին խնդիրն է:

The Diplomat-ի թղթակից Սեբաստիա Սթրանջիոն ասել է, որ Չինաստանն զգուշացրել է, որ պատժամիջոցները կամ միջազգային ճնշումը միայն կարող են վատթարացնել իրավիճակը երկրում և հավելել. «Չնայած Չինաստանն աջակցում է ռազմական ղեկավարությանը, սակայն դա դեռևս չի նշանակում, որ նա գոհ է: Չինաստանը մեծ ջանքեր է գործադրել քաղաքական առաջորդ Աուն Սան Սու Չժիի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Զինվորականների վերադարձը նշանակում է, որ Չինաստանն այժմ ստիպված է գործ ունենալ Մյանմարի այն ինստիտուտի հետ, որը պատմականորեն ամենամտահոգիչն է եղել Չինաստանի համար»:

BBC-ն նշել է, որ ձերբակալված քաղաքական առաջնորդներն ու օրենսդիրներն այս պահին գտնվում են տնային կալանքի տակ՝  չնայած նրան, որ Աուն Սան Սու Չժիի Ժողովրդավարության ազգային լիգան պահանջել է ազատ արձակել նրան և կոչ է արել ընդունել նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքները, որով Աուն Սան Սու Չժիի քաղաքական ուժը հավաքել է ձայների ավելի քան 80 տոկոսը:

Ռազմական հեղաշրջումը դատապարտվել է Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Եվրոպական Միության և այլ պետությունների կողմից, նշել է լրատվականը և հավելել, որ 1962 թվականից մինչև 2011 թվականը երկիրը ղեկավարվում էր ռազմական իշխանության կողմից:

Անցյալ շաբաթ տեղի ունեցած հեղաշրջումից հետո իշխանությունը փոխանցվել է գերագույն գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնին, ինչպես նաև փոխվել են մի շարք նախարարներ և տեղակալներ:

Չնայած ռազմական իշխանություն ունենալու երկարամյա փորձին, երեքշաբթի երեկոյան Յանգոնի փողոցներում ի նշան բողոքի լսվել են մեքենաների ազդանշանների և խոհանոցային կաթսաների ձայներ: Ակտիվիստները քաղաքացիական անհնազանդության արշավի կոչ են արել, իսկ 70 հիվանդանոցների և բժշկական հաստատությունների աշխատակիցները դադարեցրել են աշխատանքը՝ ի նշան բողոքի և պնդել, որ Աուն Սան Սու Չժին պետք է ազատ արձակվի: