ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ներդնել միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտ:  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 83 կողմ, 17 դեմ, 1 ձեռնպահ ձայներ:

Փաթեթն ԱԺ նիստում ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնավորապես ասել է. «Նախագծերի փաթեթով առաջարկվում է միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտի ներդրումը: Նախագծով նախատեսվում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորներ, որոնք ունեն քրեական մասնագիտացում, քննելու են միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և ՀՀ տարածքում իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունները, օրինակ խուզարկության սանկցիաները, կալանքի հետ կապված սանկցիաները, ձերբակալման իրավաչափության հետ կապված գործերը և մի շարք այլ միջնորդություններ և բողոքներ, որոնք բնորոշ են միջդատական վարույթի փուլին»:

Մարզերում քրեական մասնագիտացում ունեցող դատավորները, ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի, կրկին մասնագիտանալու են միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով: Այս նպատակով դատական համակարգում ավելացվում է առնվազն 17 հաստիք, որոնցից առնվազն 8-ը՝  Երևանում: «Վերաքննիչ դատարանում ընդհանուր առմամբ վեց դատավոր կրկին մասնագիտանալու է միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով՝ ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի»,-ասել է նախարարը:

Բադասյանը հիշեցրեց՝ սա նորություն չէ, ՀՀ-ում երկար տարիներ քննարկվել է միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քրեական գործերի քննությունից տարանջատելու հնարավորությունը:

Անդրադառնալով այն մտահոգություններին, թե իշխանությունը սրանով ցանկանում է իր համար հարմար դատավորներ ընտրել՝ Բադասյանը կարևոր համարեց անդրադառնալ ընտրության ընթացակարգերին: Տեղի է ունենում գրավոր քննություն: Դրանից հետո տեղի է ունենում բարեվարքության ստուգում: Կոռուպցիայի կանխարգելման ինքնավար մարմինը տալիս է խորհրդատվական բնույթի եզրակացություն, արվում է նաև հոգեբանական թեստավորում՝ նոր համակարգով: Դրանից հետո ԲԴԽ-ն կողմ կամ դեմ է քվեարկում թեկնածուին, որից հետո Արդարադատության ակադեմիայում ուսուցում են անցնում, քննության արդյունքներով նոր հայտնվում են համապատասխան ցուցակում: «Բնականաբար, այս ընթացակարգն արդեն վկայում է նրա մասին, որ խոսք չի կարող լինել գործադիրի կողմից ցանկալի դատավորներ ունենալու մասին»,-ասել է նախարարը: