Հարավային Ավստրալիան դարձել է Ավստրալիայի երկրորդ նահանգը, որը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքները՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային էթնիկ հայ ժողովրդի դեմ հարձակման համար: Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը, նշելով՝ այս առնչությամբ միջնորդությունը քվեարկությամբ ընդունվել է Հարավային Ավստրալիայի խորհրդարանի ստորին պալատում:

Նշվում է՝ սա հաջորդում է Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմնի որոշմանը, որով 2020 թ. հոկտեմբերին պաշտոնապես ճանաչվել է Արցախի անկախությունը ու դատապարտվել Արցախի հայերի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումները։

Միջնորդությունում, մասնավորապես, ասվում է, որ ստորին պալատը

1. Հաշվի է առնում Ադրբեջանի գործողությունները և ռազմատենչությունը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ռազմական գործողություններ սկսելու առնչությամբ

2. Հաշվի է առնում այն լուրջ մտավախությունները, որոնք բարձրացվել են ավստրալահայերի կողմից՝ կապված այս ռազմական գործողության, Արցախի Հանրապետության էթնիկ հայ բնակչության համար գոյություն ունեցող սպառնալիքի, ինչպես նաև տեղի հայ բնակչության խաղաղ վերաբնակեցումը կանխելու Ադրբեջանի ցանկացած փորձի հետ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքված ժամանակավոր հրադադարի մասին համաձայնագրից հետո

3. Հաշվի է առնում ավտրալահայերի և անկախ միջազգային կազմակերպությունների կողմից բարձրացված լուրջ մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի կողմից համաշխարհային մշակութային և պատմական նշանակության վայրերի ոչնչացման վտանգի հետ

4.  Դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունները՝ պանթյուրքիստական ազգայնականության քաղաքականություն վարելու ձգտման հարցում, որը նախկինում հանգեցրել է Ցեղասպանության, և որն այժմ էլ էթնիկ զտմամբ սպառնում է Արցախի հայ բնակչությանը

5. Դաշնային կառավարությանը կոչ է անում դատապարտել այդ հարձակումները և հանդես գալ որպես ջատագով Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության հարցում

6. Հորդորում է ճանաչել բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության, և կոչ է անում Դաշնային կառավարությանը ճանաչել նաև Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության միակ մշտական լուծում՝ ռազմական նման ագրեսիայի հետագա փորձերից խուսափելու նպատակով: