Լրատվական դաշտի ներկայացուցիչներին զարմացրել ու զայրացրել է իշխող իմքայլական մի խումբ պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնությունը։ «Իմ քայլի» մի խումբ պատգամավորների կողմից շրջանառության մեջ է դրվել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխությոններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Մասնավորապես նախկին լրագրողներ Արթուր Հովհաննիսյանը, Հայկ Կոնջորյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը և Համազասպ Դանիելյանը առաջարկում են արգելել հղում կատարել այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված տվյալները, կամ անանուն աղբյուրներ են (բացառությամբ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, մասնավորապես՝ եթե տեղեկատվությունը ստացվել է լրատվական գործակալությունից, բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից, հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, և դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին):

Irakanum.am-ը ներկայացնում է լրագրողներից մի քանիսի տեսակետը իշխանական հերթական նախագծի վերաբերյալ։

Armdaily.am լրատվական կայքի խմբագիր Ինգա Մարտինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու հիմա, երբ երկրի առաջ ծառացած են բազմաթիվ սոցիալական խնդիրներ, կա անվտանգային հարց, գերիների վերադարձ և այլն, լծվել է լրատվադաշտը «մաքրելու գործին։ Ըստ նրա նման ձեւակերպում տվել են հենց նախագիծը մշակողները։ «Այնպես չէ, որ քաղաքական դաշտը մաքրված է, և հերթը պետք է հասներ լրատվամիջոցներին և այնպես չէ, որ այսօր թիվ մեկ խնդիրն այս հարցն է։ Իրենց պարզաբանումներից եւ նախագծից պարզ է դառնում, որ միակ խնդիրը որը ցանկանում են լուծել տելեգրամյան ալիքներին չվկայակոչելն է։ Այդ ալիքները մեզանում տարածվեցին պատերազմի ժամանակ և պատերազմից հետո»,- ասաց Մարտինյանը, հավելելով, որ եթե նպատակը անանուն աղբյուրին հղում տալով հրապարակում անելն է, ապա պետք է նշել, որ իշխանությունը իսկզբանե ձախողված է, քանի որ լրագրողական աղբյուրների պաշտպանվածությունը բարձր մակարդակի վրա է, թե ներպետական, թե միջազգային օրենսդրությամբ։ «Որեւէ նորմար լրագրող երբեք ճնշումներին չի ենթարկվի և իր աղբյուրը չի բացահայտի, քանի որ մենք գիտենք, թե որքան կարևոր են աղբյուրները լրագրողների կյանքում։ Այնպես, որ եթե խնդիրը մեր տեղեկությունները սահմանափակելն է, ապա իշխանությունը ձախողված է, եթե խնդիրը տելեգրամյան ալիքների տեղեկությունները տարածելը կանխելն է, ապա այն ևս ձախողված է, քանի որ մարդիկ շատ լավ գիտեն այդ ալիքների տեղերը, այնպես որ այս դաշտը չեն կարողանա կանոնակարգել»,- ասաց Armdaily.am-ի խմբագիրը։ Նա զարմանալի և ամոթալի է համարում, որ լրագրողներից բաղկացած խմբակցությունը նման օրենսդրական նախաձեռնություն է մշակել։ Բացի այդ ըստ Մարտինյանի որեւէ քննարկում ոլորտի ներկայացուցիչների հետ չի արվել։

ArmDay.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Տաթև Այվազյանին չի զարմացրել հանգամանքը, որ իշխող խմբակցության որոշ պատգամավորներ որոշել են նման նախագիծ մշակել։ «Ինձ համար առավել զարմանալի կլիներ, որ նրանք ի նպաստ լրագրողների, կամ առհասարակ հասարակության օրենքներ մշակեին։ Ուսապարկի հոգեբանություն ունեցողները թերևս մոռացել են իրենց անցյալը, այդ թվում և նախկին լրագրողները, որոնք դեղին մամուլի հոգեբանությամբ ու օդից կախված լուրի նման շատ պատահաբար հայտնվել են խորհրդարանում և զարմացել իրենց ներկայությունից»,- ասաց Տաթև Այվազյանը, հավելելով, որ իշխանական պատգամավորների նախաձեռնությունը կյանքի չի կոչվի։

Irakanum.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Փայլակ Ֆահրադյանն էլ ասաց, որ այս նախագիծը իմքայլական պատգամավորների անտրամաբանական գործունեության հերթական դրսեւորումն է։ «Ցավալին այն է, որ լրագրողների դեմ կատաղի պայքար են սկսել այն անձինք, ովքեր դեռ երեկ լրագրող էին աշխատում և թակում էին տարբեր խմբագրությունների դռներ, որ իրենց աշխատանքի ընդունեն։ Ես ինքս օրենսդրական նախաձեռնությունը մշակած լրագրողներին շատ լավ ճանաչում եմ, գիտեմ, թե որտեղ և ինչպես են սկսել վերջիններս իրենց կարերիան։ Վատ լրագրողից՝ վատ պատգամավոր դարձան»,- ասաց Փայլակ Ֆահրադյանը, հավելելով, որ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ քննարկումներ չիրականացնելը խոսում է այն մասին, որ իշխանությունը քաջ գիտակցել է, որ լրագրողները դեմ են արտահայտվելու։ Միաժամանակ Irakanum.am լրատվական կայքի գլխավոր խմբագիրը խորհուրդ տվեց հիշյալ պատգամավորներին չմոռանալ, որ ժամանակին իրենք էլ էին անանուն աղբյուրներին հղում տալով նյութեր գրել, եթե չեն հիշում՝ կարող են թերթել մամուլը։

Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իշխանությունների նախաձեռնությունն իհարկե անթույլատրելի է: «Հասկանալի է իրենց նպատակը, բայց պետք է լավ գիակցեն, որ լրատվամիջոցները թույլ չեն տա իրենց իրագործել այս հակաօրինական պլանը: Նրանք լավ են հասկանում, որ իրենց հավատացող զանգվածին թմբիրից կարող են հանել միայն լրատվամիջոցները ու դրա համար փորձում են չեզոքացնել մեր աշխատանքը»,- ասաց Մուրազին։

Lurer.com կայքի խմբագիր Նելլի Ավետիսյանն էլ ասաց, որ օրենքի այս նախագիծը հակասահմանադրական և հակաիրավական է, ինչպես նաև զուրկ է տրամաբանությունից: «Այս մասին մենք կարող էինք հուշել նախաձեռնությամբ հանդես եկած պատգամավորներին, ովքեր մի ժամանակ անգամ լրագրությամբ էին զբաղվում, եթե նրանք բարեհաճեին հանդիպում-քննարկումներ կազմակերպել: Լրագրողի վրա հավելյալ բեռ դնելով՝ իշխանությունները փորձում են պայքարել Տելեգրամից ստացվող որոշ լուրերի դեմ, բայց, իմ կարծիքով դա անարդյունավետ և «պարապ գործ է»: Խորհուրդ եմ տալիս նախագծի հեղինակ 5 պատգամավորներին այն հետ բերել և քննարկել մասնագիտական խմբերի հետ, քանի որ աններելի է իրենց կարճաժամկետ շահերի համար «Զանգվածային լրատվության մասին» օրենքի աղավաղումը»,- ասաց Ավետիսյանը։

Լրատվական դաշտի մյուս ներկայացուցիչների կարծիքները՝ հաջորդիվ։

Irakanum.am