«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի նորակառույց շենքերից մեկի («Բոքոնիկ» սուպերմարկետի հարեւանությամբ) մի քանի տասնյակ բնակարանատերեր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի անպարտաճանաչ եւ ոչ բարեխիղճ պահվածքի պատճառով հայտնվել են անելանելի դրության մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություններ ստացավ այն մասին, որ քաղաքապետ Մարությանը չի բարեհաճում աշխատանքի ներկայանալ եւ իր ստորագրությունը դնել շենքի ավարտական ակտի վրա, ըստ որի՝ շենքի բնակիչները կարող են դառնալ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդ, ապա տեղափոխվել իրենց նոր բնակարաններ՝ ապրելու։

Բնակարանատերերն արդեն մի քանի շաբաթ է, ինչ սպասում են, թե երբ է Մարությանն ի վերջո բարեհաճելու կատարել աշխատանքային իր պարտականությունները, որպեսզի տեղափոխվեն իրենց նոր բնակարաններ։ Նկատենք, որ նման անլուրջ եւ անպատասխանատու գործելաոճի համար Մարությանը երբեւէ չի պատժվել, այնինչ իր այս պահվածքի պատճառով տուժում են հասարակ քաղաքացիները։

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը չդիմեց քաղաքապետարան պարզաբանում ստանալու համար, քանի որ նախապես տեղեկացված էր, որ իր բանավոր հարցումները չեն մեկնաբանվելու ինքնագոհ խոսնակի կողմից: Ասել է թե՝ այդպես էլ չի ստացվում հայության մայրաքաղաքի քաղաքապետի պահվածքի մասին պարզաբանումներ եւ բացատրություններ ստանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում