Գիշերելու ենք օդանավակայանում, կմնանք այնքան ժամանակ, մինչև այս հարցին լուծում տրվի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ մեկնած ու հետ ուղարկված քաղաքացի Իգոր Բլբուլյանը։

Հիշեցնենք, որ մի քանի քաղաքացիներ մեկնել էին ՌԴ, 3 օր մնացել օդանավակայանում, այնուհետև հետ ուղարկվել՝ Covid թեստի անօրինական լինելու պատճառաբանությամբ։

«Մենք գնում ենք հացի խնդիր լուծելու, որ բանկին 100 դրամ ես պարտք, վերջին գույքդ էլ տանում է, մենք գումար ենք ծախսել, տոմսեր գնել, կորոնավիրոսւի թեստ հանձնել, բայց մեր խնդիրը չի լուծվել։ Մենք կռված տղերք ենք, պետությունը մեզ ոչ մի բանով չի օգնել, ուզած-չուզած պետք է գնանք, մեր երեխեքին պահենք, բայց դարձել է մեծ թեմա։ Մենք ինչ անենք»,-ասաց Բլբուլյանը:

Նա նշեց՝ մինչ այս պահը իրենց չեն մոտեցել, լուծումներ չեն առաջարկել։ «Ոչ մեկը ոչ մի բան չի ասում, չգիտենք՝ ինչ անենք։ Այս հարցն այսպես թողնելու չէ։ Ոնց պահանջում է օրենքը, մենք դրանով առաջնորդվում ենք, խախտում չենք անում։ Մեզ կեղծ փաստաթուղթ են տվել, թող բարի լինեին, ասեին՝ կեղծ է, չթողնեին, որ գնայինք։ Հիմա կանգնել ենք փաստի առաջ։ Մեկը մյուսի վրա է գցում խնդիրը, արդյունքում հարցն անորոշ է մնում»,-ասաց նա։

Բլբուլյանը հայտնեց, որ դիմել են իրավաբանի օգնությանը, սպասում են նրա այցին։