Գերմանիայի կառավարությունը չորեքշաբթի հայտարարել է, որ Մոսկվայի դատարանի կողմից Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ բանտարկության որոշում կայացնելուց և ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումից հետո Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցները բացառել հնարավոր չէ: Այս մասին հայտնում է ամերիկյան Reuters լրատվական գործակալությունը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Նավալնիի նկատմամբ կայացված դատավճիռը «հեռու է օրենքի գերակայության ցանկացած չափանիշից» և պահանջել է դադարեցնել Ռուսաստանում խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվող բռնությունը:

Հարցին, արդյոք Գերմանիան քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը, Մերկելի մամուլի խոսնակ Շտեֆեն Սեյբերթը հերթական ասուլիսում ասել է, որ Եվրամիությունն արդեն իսկ պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի նկատմամբ՝  Նավալնիի վրա իրականացված հարձակումից հետո, և հավելել, որ նոր պատժամիջոցները չեն բացառվում, սակայն Բեռլինը հետագա քայլերը պետք է քննարկի եվրոպացի գործընկերների հետ: Մամուլի խոսնակը նշել է, որ Նավալնիի գործի քննությունը խախտում է մարդու իրավունքների հիմնական սկզբունքները, որոնք վավերացված են Մոսկվայի կողմից, և ավելացրել, որ Բեռլինը դատապարտում է Ռուսաստանի ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի համակարգված կիրառումը:

Լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ ԵՄ-ն դեկտեմբերին պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի 6 քաղաքացիների և պետական գիտահետազոտական կենտրոնի նկատմամբ, որոնք մեղադրվում են Նավալնիի վրա իրականացված հարձակման համար: