Անկարան և Բեռլինը շուտով մի շարք կոնկրետ քայլեր կձեռնարկեն պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը` Բեռլինում գերմանացի գործընկեր Աննեգրեթ Կրամպ-Կարենբաուերի հետ երկժամյա հանդիպումից հետո, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Թուրքիան սերտորեն համագործակցում է գերմանական ընկերությունների հետ տարբեր տեսակի զենքի, սարքավորումների և պաշտպանական տեխնոլոգիաների մատակարարման հարցում: Մոտ ապագայում այս ուղղությամբ դրական տեղաշարժեր են սպասվում: Թուրքիան Գերմանիային համարում է  բարեկամ երկիր, արժեքավոր դաշնակից և գործընկեր»,-նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Աքարը նշել է նաև, որ երկու երկրները նախատեսում են ընդլայնել համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի ստեղծման ոլորտում:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև առկա խնդիրները հնարավոր է լուծել, ինչը օգուտ կբերի ոչ միայն Բեռլինին, այլ նաև ամբողջ Եվրոպային: