Այո, 6 լիդերների հանդիպումը երեկ կայացել է, որի մասին կլինի փոքր լրատվական տեղեկացում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Բայց այդ աշխատանքային հանդիպումների մանրամասների մասին, ճիշտն ասած, չէի ցանկանա խոսել:  Համենայնդեպս, այն լուրերը, որոնք տարածվում են քարոզչամեքենայի կողմից, որ իբր «Հայրենիքի փրկության շարժման» հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, իրականությանը չեն համապատասխանում: Ինչպես տեսնում եք՝ շարժումը շարունակում է իր աշխատանքը բոլոր ճակատներով: Մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում արդեն իսկ կան որոշ փոքր հաղթանակներ եւ դեռ առջեւում է հիմնական հաղթանակը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,-ասաց նա:

Հարցին, թե որոնք են այդ փոքր հաղթանակները, Մամիջանյանը պատասխանեց. «Մարդ, որն աշխարհում իշխանությունից ավելի թանկ բան իր համար չունի, նկատի ունեմ Նիկոլին, դժվար թե այդպես հեշտ արտահերթ ընտրությունների կեղծ օրակարգ ստեղծեր, եթե չլիներ այս շարժման եւ այլ քաղաքացիական շարժումների ճնշումը: Ես վստահ եմ, որ ամենօրյա ճնշման արդյունքում Նիկոլն ու իր դավաճանական խունտան պետք է զգա, որ ինքը քաղաքական դաշտում անելիք չունի: Մեր շարժումը հասել է նաեւ նրան, որ Նիկոլը Երեւանով շարժվում է այնպես, ինչպես պետք է շարժվի դավաճանը՝ վախվորած, անընդհատ վախենալով, որ դեմքին կասեն, որ ինքը դավաճան է»:

Մամիջանյանը չցանկացավ նշել, թե որոնք են լինելու իրենց այսօրվա քայլերը՝ «անակնկալները չփչացնելու համար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ մամուլի տեղեկությունների երեկ կայանալու էր վեց լիդերների ֆորմատով հանդիպումը, որին, մասնակցում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Վազգեն Մանուկյանը։

«Հրապարակ»-ի տեղեկություններով, այդ հանդիպումը որոշելու է Հայրենիքի փրկության ճակատի ճակատագիրը. «Ըստ ամենայնի, ընդդիմությունը կհայտարարի դրա գործունեության ավարտը եւ նոր փուլի սկիզբը»: