«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը կառավարության և իշխանական պատգամավորների վարքագիծն անընդունելի է համարում: Խորհրդարանական ամբիոնից նա անդրադարձավ ստեղծված իրավիճակում Ադրբեջանի հետ առևտուր անելու, ճանապարհներ բացելու թեմաներին, կառավարության անդամների՝ Արցախ չայցելելու խնդրին:

«Մենք էինք հա՞ էս տարածաշրջանում խաղաղության և անվտանգության երաշխավորը, Հայաստանն էր հա՞ ամբողջ խոչընդոտն իր վրա վերցրել: Ադրբեջանը եղել է, շարունակում է մնալ տարածաշրջանի միջազգային խաղաղության և անվտանգության հիմնական երաշխավորը, որովհետև ահաբեկչական պետություն է, որովհետև պատերազմական հանցագործություններ է կատարում: Էս պայմաններում խոսում են, թե ամեն ինչ անցավ, եկեք անցյալին չանդրադառնանք, նայենք առաջ ու գնանք, տեսնենք՝ ինչ առևտուր ենք անում Ադրբեջանի հետ, ճանապարհներ բացենք և այլն: Եթե էս միտումով եք պատրաստ ձեր քաղաքականությունը կառուցել, ապա այստեղ ազգային որևէ տարր չեմ տեսնում ձեր քաղաքականության մեջ», — ասաց նա:

Պատգամավորը նկատեց, որ կառավարության միայն մեկ անդամ է վերջին շրջանում գնացել Արցախ: Սիմոնյանը բարձրաձայեց, որ վարչապետը չի այցելում Ստեփանակերտ՝ տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ:

«Ադրբեջանի ղեկավարն այցելում է Շուշի՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածք, մեր վարչապետը Ստեփանակերտ չի այցելում: Երեք ամիս է անցել, ՀՀ ֆինանսավորմամբ մեկ հատ տուն չի կառուցվել Արցախում: Էդ ձեռքներդ Արցախից լվացիք հա՞: Անընդունելի է ձեր վարքագիծը, հարգելի իշխանական պատգամավոր, հարգելի կառավարություն: Գիտակցեք, որ առանց Արցախ Հայաստան չկա, առանց Հայաստան Արցախ չկա», — ասաց ԼՀԿ պատգամավորը: