Twitter-ը սահմանափակել է հասանելիությունը Թուրքիայի ՆԳ նախարարի թվիթին, որը «ԼԳԲՏ այլասերվածներ» է անվանել այն ուսանողներին, ովքեր բողոքել են իրենց համալսարանի ղեկավարի պաշտոնում նշանակման դեմ:

Մի քանի շաբաթ շարունակ Ստամբուլի Բոգազիչի հեղինակավոր համալսարանի ուսանողներն ու դասախոսները բողոքում էին ռեկտորի պաշտոնում Մելիհ Բուլուի նշանակման դեմ, որը կապված է իշխող կուսակցության հետ: Նրանք պահանջել են Բուլուի հրաժարականը եւ ռեկտորի ընտրություններ:

Երկուշաբթի ուշ երեկոյան բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, որոնք բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով ազատել հանգստյան օրերին ատելություն սերմանելու եւ կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով ձերբակալված մի խումբ ուսանողների։ Նրանք Բոգազիչիի համալսարանում պաստառի վրա պատկերել էին իսլամի ամենասուրբ վայրը եւ ԼԳԲՏ դրոշներ: Իշխանությունները հայտնել են, որ բախումների ընթացքում 159 մարդ է բերման ենթարկվել, բայց ոմանք ավելի ուշ ազատ են արձակվել:

ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն Twitter-ում գրել է, որ «ԼԳԲՏ այլասերվածները» կալանավորվել են «Մեծ Քաաբայի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար»: Երեքշաբթի օրը նա կրկնել է վիրավորանքը՝ Twitter-ում հայտարարելով, որ թուրքական կառավարությունը չի հանդուրժի «ԼԳԲՏ այլասերվածներին, ովքեր փորձել են գրավել ռեկտորի աշխատասենյակը»:

Սա Twitter-ին դրդել է Սոյլուի թվիթը նշել որպես նախազգուշացում այն մասին, որ նրա գրառումը խախտում է սոցիալական ցանցերի հարթակի «ատելության վարքագծի» կանոնները:

Միեւնույն ժամանակ, Ստամբուլի ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ է կիրառել՝ ցրելու համար Բուլուի նշանակման հետ կապված նոր ցույցը, հաղորդում է Halk TV-ն:

Մայրաքաղաք Անկարայի ոստիկանությունը նույնպես ցրել է ուսանողների ցույցը, ովքեր հավաքվել են քաղաքի գլխավոր հրապարակի մոտ՝ ի նշան համերաշխության Բոգազիչիի ուսանողների հետ: Ըստ Halk TV-ի՝ առնվազն 69 ցուցարար է բերման ենթարկվել: