ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 2-ին ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության  նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, ով իր երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանում:

Դեսպանի խոսքով՝ տնտեսական համագործակցությունը Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ զարգանալու լուրջ ներուժ ունի, եւ անհրաժեշտ է գրանցել այնպիսի արդյունքներ, որոնք կգոհացնեն երկու կողմերին։

Նախարար Քերոբյանը ողջունել է Երեւանում Նիդերլանդների դեսպանության բացումը՝ նշելով, որ այն նոր հնարավորություններ է ընձեռում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման համար:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ տնտեսական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր, մասնավորապես մտքեր են փոփանակվել Հայաստանի ներդրումային միջավայրի, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ։

Նիկոլաս Սխերմերսը պատրաստակամություն է հայտնել նիդերլանդական ըկերություններին տեղեկացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին եւ ակտիվ աշխատել փոխգործակցության խթանման ուղղությամբ:

Կողմերը պայմանավորվել են շարունակական հանդիպումների միջոցով վեր հանել այն հարցերը, խնդիրները եւ ծրագրերը, որոնց լուծումը եւ իրականացումը կնպաստի հայ-նիդերլանդական տնտեսական կապերի խորացմանն ու առեւտրաշրջանառության աճին։