Կյանքը՝ աչքերում, աշխարհի ու մարդկանց հանդեպ միշտ սիրով ու անկեղծ ժպիտով․ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Արամ Մուրադյանի հարազատներն ու ընկերները փաստում են՝ Արամն իր 18 տարիներն ապրել էր այնպես, որ շատերին նույնիսկ մի ամբողջ կյանք չի բավականացնի։

Դպրոցական տարիների ամենամտերիմ ընկերոջ՝ Նորայր Խաչատրյանի հետ հաճախ էին քայլում հարազատ Էջմիածնով։ Քաղաքում Արամի սիրելի վայրերից մեկը Սուրբ Գայանե եկեղեցին էր, որտեղ երազում էր ամուսնանալ։

«Ընկերների հարցում միշտ դժվարությամբ եմ ընտրություն կատարել, բայց Արամի հետ միանգամից ընկերացանք։ Նա իմ ամենաիսկական ընկերն է։ Ինչպես իմ տանը Արամն իմ ընտանիքի անդամն էր, այնպես էլ ես՝ իրենց տանը։ Շատ լեցուն ու հագեցած դպրոցական կյանք ենք ունեցել։ Հիմա, երբ հետ եմ նայում, տպավորություն է՝ կարծես, անընդհատ շտապեինք, ինչ-որ բանի հետևից վազեինք, որ հասցնեինք։ Այդ մի քանի տարիների ընթացքում փորձել ենք ամեն ինչ անել, կյանքը լիովին ապրել։ Շատ հայրենասեր էր Արամը, չէր գոռում այդ մասին, չէր հայտարարում, բայց իր կյանքով, ապրելակերպով էր այդպիսին։ Իսկ հայրենի քաղաք Էջմիածինն իր համար լրիվ ուրիշ աշխարհ էր»,-ասում է Նորայրը։

Ընկերներով հստակ որոշել էին՝ բժիշկ են դառնալու, ու մեծ ջանասիրությամբ էին պատրաստվում քննություններին։ Ինչպես մյուս բոլոր հարցերում, այնպես էլ մասնագիտության ընտրության հարցում Արամը սկզբունքային էր ու վստահ, որ միանշանակ ընդունվելու է Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Հաջողությամբ ընդունվելու մասին լուրն ստացել էր արդեն բանակում։

«Էօրնեկեան դպրոցի բժշկական հոսքում էինք սովորում։ Արամը վիրաբույժ էր ուզում դառնալ, բայց ընդունվեց դեղագիտական ֆակուլտետ։ Ուզում էր բանակից վերադառնալ ու տեղափոխվել բուժական։ Երկուսս էլ մեծ ձգտում ունեինք, նախքան ընդունվելը, պրակտիկաների էինք հաճախում հիվանդանոցներում, բժշկական համաժողովների էինք մասնակցում։ Լավագույն շրջանն էր, անմոռանալի օրեր էին։ Ամեն տեղ միասին էինք, իրար խորհուրդներ էինք տալիս, խոսում էինք տարբեր թեմաներից։ Նույնիսկ մտածում էինք՝ ինչը կկարողանա նման ընկերներին բաժանել։ Ամեն ինչ քննարկել էինք, բացի նրանից, ինչ իրականում եղավ»,-հիշում է հերոսի ընկերը։

Արամը շատ էր սիրում ապրել, չէր սիրում որևէ մեկի հետ վատ հարաբերություններ ունենալ, նեղացած լինել, չէր դժգոհում ու անսահման դրական էր տրամադրված ապագայի հանդեպ։

«Գիտեինք, որ պետք է շուտով գնա բանակ, բայց չէինք սպասում, որ այդքան շուտ կգա այդ պահը։ Մեքենան, իրերը, որոնք չէր կարողանալու վերցնել իր հետ, վաճառեց, գումարը բաժանեց ընկերների մեջ։ Կարծես՝ ինչ-որ բան զգար։ Նույնիսկ չէր էլ հասցրել նորմալ մտնել ծառայության մեջ Մարտունիում, երբ պատերազմը սկսվեց։ Այդ ծանր օրերին համարյա ամեն օր աշխատում էր զանգել, որ լուր ունենանք։ Վերջին անգամ, որ խոսեցինք, ասացի՝ Արամ, ինչ էլ լինի, ծնողներիդ դեմքը չմոռանաս, նրանց միշտ աչքերիդ առաջ պահի, մենք՝ դեռ ոչինչ, նրանք առանց քեզ չեն կարողանա ապրել։ Պատերազմի կեսերից տեղափոխեցին Ֆիզուլի, այնտեղ էլ զոհվեց։ Կամավոր էի հիվանդանոցում, երբ զանգեցին, ծնողներից կոնտակտ խնդրեցին։ Հարցրի՝ ինչի՞ համար են ուզում, ասացին՝ Արամը Էջմիածնում է։ Մտածեցի՝ վիրավոր է, բայց ցավոք․․․»,- պատմում է Նորայրը։

Ընկերը մեծ ցավով է հիշում այդ օրերը, ասում է՝ դժվար է համակերպվել իրականության հետ։ Իր համար ընկերը դեռ Արցախում է՝ ծառայության մեջ։

«Նայում եմ առաջ, իմ բոլոր հետագա քայլերում իմ ընկերը պետք է լիներ իմ կողքին, մեր նպատակներն էլ նույնն էին, միասին պետք է դառնայինք լավ բժիշկներ։ Ինչպես նախկինում էի ամեն քայլից առաջ խորհուրդ հարցնում Արամից, այնպես էլ հիմա։ Խոստացել եմ իրեն ու ինքս ինձ, որ պետք է շարունակեմ ապրել։ Մեծ պատասխանատվություն կա իմ ուսերին, որովհետև եթե նախկինում ես պետք է դառնայի Նորայր բժիշկ, հիմա նաև պետք է լինեմ Արամ բժիշկ»,-ասում է նա։

Նորայրն ամեն օր այցելում է հերոս ընկերոջ հարազատներին, մխիթարվում է նրա ավագ քրոջ որդու հետ հանդիպումներով։ Ասում է՝ շատ նման են բնավորությամբ ու շարժուձևով, կարծես, փոքր Արամը լինի։