Երևանին հարակից Պռոշյան համայնքում առաջիկա տարիներին կհիմնվի «Հերոսների վերականգնողական քաղաքը»։ Նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը Lragir.am-ի հետ զրույցում ներկայացում է ծրագրի մանրամասները։

Ծրագիրն ունի երեք փուլ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ։ Առաջին փուլով «Հերոսների վերականգնողական քաղաքում» հիմնվելու է հոգեկան առողջության կենտրոն, որի նպատակն է հիմնական բուժման մեթոդներին զուգահեռ ապահովել այնտեղ բուժում ստացող անձանց հոգեբանական, մտավոր և սոցիալական վերականգնումը:

«Կարճաժամկետ ծրագիրը կմեկնարկի մոտ 10 օրից։ Այգի ենք հիմնելու, որը բացօթյա վերականգնողական կենտրոն է լինելու՝ բուսականությամբ, ծառերով, ջրերով։ Այգում ձկներ են արտադրվելու, մեղուների փեթակներ են լինելու, տղաները մեղր են քամելու։ Գործելու են փոքր արհեստագործական կետեր՝ դարբնոցներ, վարսավիրանոց, կարի արտադրամաս։

Միջանաժամկետ ծրագրով երեք երկհարկանի քարե շենք է կառուցվելու, որոնք առաջնահերթ IT ոլորտին ենք տրամադրելու, որպեսզի տղաները կարողանան նորագույն տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ զբաղվել, ծրագրավորում սովորել։ Երկրորդ շենքը հոգեբանական կենտրոնն է լինելու, որտեղ մենք առաջինն ենք լինելու, որ վերապատրաստելու ենք ռազմական հոգեբաններ։ Այս ոլորտը Հայաստանում զարգացած չէ, այսինքն՝ կան հոգեբաններ, որոնք վերապրոֆիլավորվում են, բայց մենք դրսի ու ներսի ներուժը համախմբելով՝ ՊՆ-ին հետ հայտ կներկայացնենք ու ռազմական հոգեբանության ճյուղը կզարգացնենք։ Երրորդ շենքը լինելու է արդեն վերականգնողական շենքը, որտեղ վերականգնողական մասնագետներն ուսումնասիրություններ են իրականացնելու, պացիենտներին են ընտրելու, նաև արտերկրից եկած մասնագետներն այդ շենքում վերապատրաստելու են տեղացի մասնագետներին»,- մանրամասնում է Սուրեն Արեենցը։

Իսկ երկարաժամակետ ծրագրով առնվազն 1000 քմ տարածքով երկհարկանի վերականգնողական կենտրոն է կառուցվելու, որը կգործի բարեգործական հիմունքներով՝ միայն վիրավոր զինծառայողների, զինհաշմանդամների և զինծառայության ու պատերազմի հետևանքով առողջական խնդիրներ ձեռք բերած ՀՀ և Արցախի քաղաքացիների համար։ Ամբուլատոր պայմաններում անվճար բուժման հնարավորություն կստանան նաև զոհված ազատամարտիկների երեխաները:

Մեծ շենքի շինարարության համար, ըստ Արեենցի, 2,5 մլն դոլար ներդրում է պահանջվելու։ «Մինչև առաջին երկու շենքերը կառուցենք, նաև մյուս ներդրողները կլինեն։ Արդեն IT ոլորտի շենքի կառուցման համար ներդրող ունենք՝ Գերմանիայից»,- ասաց նա։

Սուրեն Արեենցի խոսքով՝ նպատակ կա հետագայում ծրագրի չորրորդ փուլում ժամանակակից պրոթեզավորման կենտրոն հիմնել։ «Մենք ոչ թե պրոթեզ ենք պատրաստելու, այլ պրոթեզի դետալներն ենք ուզում պատրաստել Հայաստանում։ Այն, ինչ դրսից բերում են այստեղ ու պատրաստում, մենք ուզում ենք մեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներուժն օգտագործելով՝ հենց տեղում դետալների արտադրություն հիմնել»,- ասաց նա։

«Հերոսների վերականգնողական քաղաքի» շահառուները լինելու են ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողները՝ առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամները, նաև նրանց ընտանիքի անդամները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում