Հետպատերազմյան Արցախը դեռևս շոկային վիճակում է։ Առաջին հայացքից հատկապես ստեփանակերտյան միջավայրում նկատվող աշխուժությունը ոչ այնքան խոսում է տագնապի հաղթահարման, որքան ի ցույց է դնում տունն ու ապրուստը կորցրած՝ հայրենիք կորցրած, մարդկանց ներկայությունը Ստեփանակերտում։

Ստեփանակերտը միշտ էլ խիստ բազմաշերտ է եղել, իսկ պատերազմական գործողություններից հետո իր պատերի ներքո է պատսպարել իրենց բնակավայրերը հարկադրված լքած մոտ 10 հզ հայրենակիցների։ Իրենց օջախից զրկված շատ արցախցիներ էլ տեղավորվել են Արցախի մյուս բնակավայրերում և, իհարկե, Հայաստանում։

Իրավիճակը անվտանգային, տնտեսական, սոցիալական, հումանիտար, բարոյահոգեբանական առումով մնում է խնդրահարույց, սակայն առավել վտանգավոր է, որ վերոնշյալ գործոնների մեղմացման, վերացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ նկատելի չեն։

Որոշակի սոցիալական ուղղվածության հարցեր Արցախի, Հայաստանի կառավարությունների կամ անհատների միջոցով լուծվում են, սակայն առաջնահերթ հարցերը մնում են չլուծված։ Ավելին, դրանց շուրջ ստեղծված անորոշությունն ավելի է խորացնում առանց այդ էլ բարդ, որոշ դեպքերում անլուծելի թվացող խնդիրները։

Հասկանալի պատճառներով, առկա խնդիրների մի մասը, ցավոք, արդեն մեզանով չէ պայմանավորված, սակայն կան հարցեր, որոնք ներքին կարգավորումների, փոփոխությունների արդյունքում կարող են լուծումներ ստանալ։

Առաջին հերթին պետք է խոստովանել, որ Արցախի ու Հայաստանի ներկայիս իշխանություններն ամենատարբեր պատճառներով՝ ցանկության բացակայությունից մինչև ճգնաժամային իրավիճակներում գործելու անկարողությունից ելնելով, թվում է, որ մի կողմ են քաշվել։ Արցախցին մնացել է մեն-մենակ՝ իր հոգսերով, անձնական ողբերգությամբ, ցավերով։

Այս թեման դիտարկման երկու հարթություն ունի՝ բուն իշխանություն և նրան մաս կազմող դեմքեր ու պետական կառավարման համակարգի ներկա կարգավիճակ։

2020 թվականի մայիսի 21-ին, Արցախի նախագահի պաշտոնը ստանձնած Արայիկ Հարությունյանն ու իր նեղ թիմն իրենց մասով ձախողել են գրեթե ամեն ինչ։ Առաջին հերթին մաս կազմել Հայաստանի իշխանությունների և նրանց գծած վտանգավոր խաղին, ինչպես նաև՝ ստեղծված իրավիճակում գնում են խնդիրների կարգավորման վատագույն ճանապարհով։

Պետական կառավարման համակարգի առումով, ներկայիս կառուցվածքն ի վիճակի չէ պլանավորումներ, օպերատիվ լուծումներ առաջադրել, իսկ ստեղծված պայմաններում դա անչափ կարևոր է։

Պետական հսկայական ապարատը Արցախի ներսում դարձել է սոցիալական գործառույթ կատարող մարմին, որի արդյունավետության բարձրացման ուղղությամբ որևէ լուրջ քայլ չի կատարվում։

Ստեղծված իրավիճակում 33 պատգամավոր ունեցող խորհրդարանի, այն սպասարկող մեծ աշխատակազմի, 10-ից ավելի նախարարություն և առընթեր մարմիններ ունենալու, նախագահական մեծ ապարատ պահելու անհրաժեշտություն ուղղակի չկա։

Նոյեմբերի 10-ի տխրահռչակ եռակողմ հայտարարությունից հետո, թվում էր թե Արցախում պահի լրջությունից ելնելով քաղաքական նոր գործընթացներ են սկսում՝ կուսակցությունների միջև քաղաքական կոնսուլտացիաներ, որոնց նպատակը համախմբվելն ու առկա հիմնախնդիրներին միասնական դիրքորոշում ձևավորելն ու լուծումներ տալն է։ Սակայն այդ պրոցեսն էլ մինչև 2020-ի տարեվերջ մարվեց։

Պետք է պետական ողջ մեքենան վերակազմավորել, վերաձևել ու վերածել մարմնի, որտեղ տեղի կունենա իրավիճակի ճիշտ գնահատում, կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ պլանավորումներ ու իրավիճակից բխող օպերատիվ լուծումներ։

Դրա հիմքում պետք է դրվի հիմնական սպառնալիքները՝ անվտանգայինից մինչև պարենային, գնահատվի դրանց ռիսկերն ու կարգավորմանը տանող ճանապարհները տարբեր ժամանակային կտրվածքով։

Կարևոր չէ, թե ինչ կլինի այդ մարմնի անունը, սկզբունքային է, որ դրա մեջ դրվի բովանդակություն, տրվի գործիքներ և ամենակարևորը՝ կազմավորվի ոչ թե նեղ թիմային, այլ մասնագիտական, փորձառության, ունակության հիման վրա։

Արցախին անհրաժեշտ է առաջնորդ, պայքարի մարտիկ, մարդ ով ամենադժվար իրավիճակում իր հետևից կտանի արցախցիներին, ում արցախցին կհավատա ու կշարունակի պայքարը։

Այդ մարդը դեռ չի ուրվագծվում։ Բայց տարբեր ժամանակներում այդ մարդը առաջին պլան է եկել, պայքարել, առաջնորդել ու հաղթել։

Զենքերը վայր դնելու ժամանակը չէ, ընտրություն գրեթե չկա՝ պայքար կամ ցեղասպանություն։