Ծնողների որոշմամբ, փետրվարի 2-ին Գյումրիի Եղիշե Չարենցի անվան թիվ 25 դպրոցում դասադուլ է սկսվել: Դպրոցում դասեր չեն եղել նաև երեկ՝ արդեն ուսուցչական անձնակազմի որոշմամբ:
Բողոքը վերաբերում է դպրոցի տնօրենի նշանակմանը. այստեղ տնօրենի թափուր տեղի մրցույթն անցկացվել էր 2020 թվականի սեպտեմբերի 15-ին։ Մրցույթին մասնակցել էր 7 հավակնորդ։ Կրկնակի քվեարկությամբ կառավարման խորհրդին չէր հաջողվել ընտրել տնօրեն․ չնայած 2 թեկնածուներից և ոչ մեկը չէր հավաքել պահանջված 5 ձայնը, նույն դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանի օգտին գրանցվել էր 4, իսկ մյուս թեկնածուն` Իրինա Բաղդասարյանը հավաքել էր 2 ձայն: Ու քանի որ նրանցից ոչ մեկը չէր հավաքել հինգ ձայն, ըստ գործող կարգի, նշանակումը կատարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հիմք ընդունելով իր աշխատակազմի կողմից 2 թեկնածուների հետ անցկացրած հեռավար հարցազրույցը։
Ծնողներն ու դպրոցի անձնակազմը նամակ են հղել փոխվարչապետին՝ խնդրելով տնօրենի նշանակման ժամանակ հաշվի առնել իրենց կարծիքը, սակայն նախապատվությունը տրվել է Իրինա Բաղդասարյանին, ինչն էլ հարուցել է դպրոցի անձնակազմի ու ծնողների զայրույթը։
«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» համաձայն` ներկայացված փաստաթղթերի հիման վրա, 5 աշխատանքային օրվա ընթացքում, հաստատության` մարզային ենթակայության դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը լիազոր մարմնի ղեկավարին գրությամբ առաջարկում է հավակնորդներից որևէ մեկի թեկնածությունը օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու համար, սակայն, նշված դեպքում խախտվել է, եւ փոխվարչապետը հավակնորդի թեկնածության մասին հայտնել է ոչ թե 5 օր անց, այլ երկու ամիս անց։
Ծնողները վստահեցնում են՝ երեխաները դպրոց չեն գնա այնքան ժամանակ, քանի դեռ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի վերանայել իր որոշումը: