ԱՄՆ նոր վարչակազմը՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, որոշակի պայմաններում պատրաստ է վերացնել պատժամիջոցները «Հյուսիսային հոսք 2» ռուս-գերմանական նոր գազատարի դեմ։ Վաշինգտոնը գերմանական կողմից ակնկալում է առաջարկություններ, որոնցում հաշվի կառնվեն նախագծի հետ կապված ԱՄՆ-ի մտավախությունները, հայտնում է Handelsblatt-ը, հղում անելով Սպիտակ տանը աղբյուրներին:

«Գերմանացիները պետք է փաթեթային առաջարկ դնեն սեղանին, հակառակ դեպքում նրանք չեն կարողանա լուծել« Հյուսիսային հոսք 2»-ի հետ կապված խնդիրները»,- ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքերն է մեջբերում թերթը: Ինչպես հայտնում է Handelsblatt-ը, Վաշինգտոնին հետաքրքրում է, մասնավորապես, «Հյուսիսային հոսք 2»-ը մի մեխանիզմի հետ կապելու առաջարկը, որը թույլ կտա արգելափակել այն, եթե Մոսկվան փորձի ճնշում գործադրել Ուկրաինայի վրա` կրճատելով գազի մատակարարումը:

Ըստ Վաշինգտոնի՝ կրկին պետք է պայմանավորվել Ուկրաինայում գազատարով ռուսական գազի տարանցման հարցերի շուրջ: Նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման տարիներին Միացյալ Նահանգները 2019-ի վերջին պատժամիջոցներ էր սահմանել նոր գազատարի ավարտը խափանելու համար: Նախագահ Բայդենի երդմնակալության օրը նախկին վարչակազմը լրացուցիչ տուգանքներ էր սահմանել խողովակաշարեր տեղադրող ռուսական նավի համար:

ԱՄՆ-ը հայտարարում է, որ նոր գազատարը կբարձրացնի Գերմանիայի կախվածությունը ռուսական գազից եւ վնաս կհասցնի Ուկրաինային: Քննադատներն իրենց հերթին նշում են, որ ԱՄՆ-ը, ընդդիմանալով «Հյուսիսային հոսք 2»-ին, ընդամենը ցանկանում է ապահովել սեփական հեղուկացված գազի առավելագույն գնով արտահանումը Եվրոպա, հաղորդում է DW-ն:

Handelsblatt-ին տված հարցազրույցում ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Նիլս Աննենը հանդես է եկել ԱՄՆ-ի հետ փոխզիջման օգտին: «Նախկինում Վաշինգտոնում կար վարչակազմ, որը բացարձակապես շահագրգռված չէր պայմանավորվելու հարցում: Եթե այժմ այնտեղ բանակցելու պատրաստակամություն կա, ապա սա քաղաքական հնարավորություն է, որը մենք պետք է օգտագործենք»,- պարզաբանել է Աննենը: