Հայաստանում կալանքի տակ են գտնվում սիրիացի վարձկան ահաբեկիչները։ Ըստ քննչական կոմիտեի՝ նրանք ռազմագերիներ չեն և ենթակա չեն հանձնման կամ փոխանակման։

Սիրիայի քաղաքացիներ, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին մեղադրվում են Հայաստանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով. վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։

Գլխավոր դատախազությունից Armlur.am-ին այս երկու ահաբեկիչների վերաբերյալ փոխանցել են՝ նրանց մասով նախաքննությունն ավարտական փուլում է, սակայն այդ գործով կան նաև որպես մեղադրյալ ներգրավված ահաբեկչական խմբավորումների այլ անդամներ, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարված: Վերջիններիս մասով նախաքննությունը շարունակվում է:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Ահմադ Ալ-Տայեբի (35 տարեկան, բնակվում է թուրքական Ռեյհանիյը քաղաքում), Աբու Սթեֆ Ալ-Հինդավիի (35 տարեկան), Աբու Դիաբ Հալաբիի (30 տարեկան) վերաբերյա քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին պետությունը հանրային պաշտպան է տրամադրել Էդուարդ Աղաջանյանին։ Վերջինս նրանց դիրքորոշումների եւ մեղադրանքների վերաբերյալ խոսքում աղքատ է, յուրաքանչյուր հարցին ունի մեկ պատասխան՝ նախաքննություն է ընթանում, հարցերին կպատասխանի դրա ավարտից հետո։ Միայն հայտնեց, որ նրանք պահվում են ԱԱԾ-ում, ինքն  էլ լիարժեք պաշտպանություն է իրականացնելու։

Այս գործով ակտիվ քննչական գործողություններ, մասնավորապես՝ հարցաքննություններ կատարվել են, վերջին անգամ՝ մեկ շաբաթ առաջ։ Իսկ մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշման մասին պաշտպանը եւս չի շտապում ոչինչ հայտնել՝ ասելով, թե ամեն պահի կարող է նրանց դիրքորոշումը փոխվել․ «Իրենց դիրքորոշումը նպատակահարմար չեմ գտնում հրապարակել»։

Պաշտպանը նաև ասում է՝ այս պահի դրությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից որեւէ էական խախտում պաշտպանական կողմը չի արձանագրել։ Հեռախոսազանգերի վրա արգելք դնելու, դրսում գտնվող հարազատների հետ կապի մեջ լինելու մասով եւս չպատասխանեց։

Փաստաբանը իր պաշտպանյալների առողջական վիճակի վերաբերյալ երկու անգամ հարցում է կատարել, պատասխան է եկել, որ նրանց հետ ամեն ինչ նորմալ է, ունեցել են հրազենային վնասվածքներ, ստացել են համապատասխան բուժում։ Նրանք պահման պայմանների, վերաբերմունքի եւ այլ հարցերի վերաբերյալ գանգատ չեն ներկայացրել։