Ելույթների գերակշռող մասն իսկապես չափազանց կարևոր էր, և դրանք անշուշտ քննարկման առարկա են դառնալու հետագա մեր գործունեության ընթացքում։ Այս մասին «Գիտությունը՝ անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներին հայտարարեց ԱԺ, կրթության, գիտության, սպորտ, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Մեր հարգարժան գիտնականների կողմից հնչեցին ցցուն և կոշտ գնահատականներ. կարծում եմ՝ շատ և շատ մեր խնդիրների հիմքում բացակայությունն է մեր կամքի՝ առերեսվելու սեփական սխալների հետ: Օրինակ՝ պատերազմը՝ իր ողջ ընթացքով, և հատկապես արդյունքը ինձ մղեցին երկամսյա լռության, որտեղ ինքս ինձ հետ երկխոսություն ունեցա՝ հասկանալու, թե օրինակ, ես ինչ եմ արել բավարար չափով, որ չլիներ այն արդյունքը, որ մենք որպես պետություն և ժողովուրդ ունեցանք»,- ասաց նա:

Հայրապետյանի խոսքով՝ ինքն ընդամենը 3-4 ամիս էր, ինչ ընտրվել էր հայ-իրանական բարեկամական խմբի նախագահի պաշտոնում, բայց իրեն հարց է տվել՝ որտեղ է թերացել, որ պատերազմի ընթացքում իրանական կողմը, մեր բարեկամ իրանցի ժողովուրդը մեր պատկերացրած, սպասած չափով արձագանք չտվեց: «Հարցադրումներ բացառապես ինքս ինձ եմ հնչեցրել: Ձեր խոսքից տպավորություն է, թե ամեն ինչի մեղավորը ես էի, կամ պարոն Հովհաննիսյանն էր, բայց թարմացնեմ բոլորիս հիշողությունը՝ 2019-ին պատգամավորներից միայն 2-ի առաջարկն էր բյուջեի հետ կապված, որ ընդունվեց կառավարության կողմից կրկին իմ և պարոն Հովհաննիսյանի առաջարկը, որով 1.5 մլրդ դրամով 2020-ին բյուջե ավելացվեց: Անշուշտ, դա չնչին գումար է՝ հասնելու այն արդյունքին, որի մասին բոլորս խոսում ենք, բայց դա քայլ առաջ էր»,- ասաց նա և հավելեց, որ առնվազն անարդարացի է այդօրինակ հասցեական գնահատականները այն անձանց նկատմամբ, ովքեր ամեն ինչ արել են ֆինանսավորումն ավելացնելու համար: