Այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 205 շենքի 1-ին հարկում գտնվող բնակարաններից մեկում պայթյունի ձայն է լսվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զուրաբյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել խոհանոցում տեղադրված գազի վառարանից, որի արդյունքում խոհանոցի միջնապատերը փլուզվել են։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բնակարանում ապրում են ամուսիններ, և նրանք ննջասենյակում են եղել, երբ տեղի է ունեցել դեպքը։

Փաստի առթիվ Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: