Առանց գիտության, կրթության, կրթված մարդկանց չի կարող լինել զարգացած տնտեսություն, ակնհայտ ճշմարտություններ եմ ասում և մեր երկրի ամենաբարձր ամբիոնից եմ ասում: Այս մասին «Գիտությունը՝ անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով  խորհրդարանական լսումներին ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նրա խոսքով՝ կրթության լրջությունը պետք է դառնա հատուկ քաղաքականություն։ «Կասկածի տակ չեմ դնում կրթության լրջությունը, բայց որոշ շերտերում կան անլուրջ պահեր: Գիտությունը նույն խստապահանջությամբ պետք է հասկանանք: Այո, եղել է Խորհրդային Միություն, և այն անսահմանափակ գումարներ է ներդրել և լրջագույն  պատվերներ է ձևակերպել գիտնականների առջև, այդ թվում՝ ռազմաարդյունաբերության բնագավառում: Խորհրդային Միության ժամանակ կրթությունը եղել է անվճար, որովհետև այդ գումարները պետությունը տվել է»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ այսօր մենք ի վիճակի չենք այդ ավանդույթը պահել, դրա համար անցել ենք վճարովի տարբեր ծառայություններ մատուցելու: «Գիտության այս ֆինանսավորումը, որ այսօր ունենք, որևէ հրաշք մի սպասեք, որ տեղի կունենա գիտական աշխարհում՝ նման համեստ գումարների դեպքում։ Պիտի մտածենք։ Պետք է ձգտում լինի գիտնական, դասախոս դառնալու, բուհում աշխատելու։ Չունենք այսօր այդ մրցակցությունը։ Ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, շատ, էապես ավելի տաղանդավոր, քան որոշ մեր այլ երիտասարդներ, բայց այդ տաղանդավորներից շատերը, ցավոք սրտի, շատ բարձր գնահատվելով իրենց պրոֆեսիայով, ի՞նչ են անում՝ գնում են արտասահման և շատ բարձր վարձատրվող աշխատանքներով են զբաղվում և ճիշտ են անում»,- ասաց նա: