Ես որևէ կեղծ ինֆորմացիա չեմ տրամադրել: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպես էր ասում՝ հաղթում ենք, ինչին Հովհաննիսյանը պատասխանեց․ «Որևէ բառ հիշո՞ւմ եք, որ ասել եմ՝ հաղթում ենք։ Էնքան էմոցիոնալ եք, չեք վերլուծում որևէ բան։ Միջազգային մի կառույց պատերազմից հետո իմ ամբողջ 44 օրերի հայտարարութունները վերլուծել ու  տվել է ինձ։ Այդ օրերի ընթացքում 400 հրապարակում եմ ունեցել, մոտ 170 հրապարակում եղել է «Հաղթելու ենք», մոտ 160 հրապարակում եղել է այն մասին, որ վիճակը շատ ծանր է։ Փորձագետների իրենց գնահատականն են տալիս քարոզչությանը և այն շատ ճիշտ պրապորցիաներով է իրականացվել»,-լրագրողների ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ «Հաղթում ենք» հայտարարություն կամ գրառում նա երբեք չի կատարել։

Արծրուն Հովհաննիսյանը ցավում է, որ դավաճան են փորձում գտնել զինվորականների շրջանում։ Նրա խոսքով՝ Շուշիի գրավումը կամ հանձնումը իր համար էլ դեռ բացահայտված չէ։

«Նոյեմբերի 6-ին ես եղել եմ Շուշիում, ամսի 7, 8 և 9-ին իրավիճակը կտրուկ փոխվել է։ 44 օրվա ընթացքում տեղեկությունները ստացել եմ բացառապես ՊՆ-ից, բացառապես ԳՇ օպերատիվից և ՊԲ-ից։ Չկա պատերազմ, որտեղ չեն սխալվել, որտեղ տեղեկատվության խզվացք չի առաջանում։ Պատերազմից 3-4 ամիս անցել է, ես ամեն օր ուսումնասիրում եմ առանձին դրվագները, բաներ կան՝ իմ ուղեղում էլ չի տեղավորվում»,-նշեց նա։

Հովհաննիսյանը հայտարարեց, որ պատերազմի ընթացքում Աննա Հակոբյանին որևէ րոպե չի տեսել։

«Ես մինչև հիմա զոհերի հստակ թիվը չգիտեմ։ Հանձնաժողով է աշխատում»,-նշեց նա։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։