Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փետրվարի 9-ին Արաբական Միացյալ Էմիրություններ իր առաջին պաշտոնական այցի ընթացքում կհանդիպի Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամեդ բին Զայիդ ալ-Նահյանին: Այս մասին տեղեկացնում է իսրայելական haaretz.com կայքը:

Ի սկզբանե ԱՄԷ և Բահրեյն եռօրյա այց նախատեսվում էր իրականացնել նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին: Ենթադրվում էր, որ Նեթանյահուն մասնակցելու էր երկու երկրներում Իսրայելի նոր դեսպանատների բացմանը, բայց դրանից հետո ուղևորությունը հետաձգվել է 2 անգամ:

Նեթանյահուն կայցելի միայն Աբու-Դաբի՝ մի քանի ժամով, իսկ դեսպանատան բացման արարողություն տեղի չի ունենա:

ԱՄԷ-ն պայմանավորվել է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորել 2020-ի օգոստոսի 13-ին, իսկ Բահրեյնը` սեպտեմբերի 11-ին:

Իսրայելը ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ կարգավորման համաձայնագիր է ստորագրել սեպտեմբերի 15-ին` Սպիտակ տանը կայացած արարողության ժամանակ: