ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերից մեկով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես պատվաստվել եմ արդեն մոտ երկու ամիս առաջ… Ռուսական պատվաստանյութերից մեկով: Ինչո՞ւ եմ հենց այդպես ասում: Որպեսզի այնպիսի զգացողություն չլինի, որ ինչ-որ պատվաստանյութ ավելի լավն է, քան մյուսները»,- ասել է նա ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ պատվաստումն ինդիվիդուալ ​​պատմություն է. անհրաժեշտ է արյուն հանձնել, հասկանալ, թե ինչ վիճակում եւ ինչ իմունային կարգավիճակում է գտնվում օրգանիզմը:

«Ուստի մեր բոլոր պատվաստանյութերն արդյունավետ եւ գործունակ են,  որեւէ կոնկրետ պատվաստանյութ ընտրելու համար հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ. ասում եմ բացարձակապես ուղիղ եւ անկեղծ: Բայց դա պետք է արվի»,- շեշտել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը:

Նա նաեւ պատմել է, որ պատվաստումն առանց հետեւանքների է տարել: