ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները կոչ են անում շուտափույթ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության ընթացքում գերևարվածներին, ինչպես նաև վերադարձնել զոհվածների մարմինները իրենց ընտանիքներին՝ հուղարկավորելու համար:

Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԻԳՀԳ) կողմից երկուշաբթի հրապարակված հայտարարության մեջ:

Փորձագետները կարծում են, որ անհետ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկատվության չբացահայտումը և մահացածների աճյունները հանձնելուց հրաժարվելը կարող է հավասարվել առևանգման հետ։

Բացի այդ, ՄԱԿ ՄԻԳՀԳ-ի փորձագետները մտահոգված են այն տեղեկություններով, որ գերիները ենթարկվում են արտադատական սպանությունների, բռնի անհետացումների, խոշտանգումների և այլ տեսակի վատ վերաբերմունքի:

«Ոչ մի բացառիկ հանգամանք՝ լինի դա պատերազմական իրավիճակ, ներքաղաքական անկայունություն, թե այլ արտակարգ իրավիճակ, չի կարող արդարացնել խոշտանգումները և առևանգումները», — ասել են նրանք:

Փորձագետները նաև կոչ են արել Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին իրականացնել «մանրակրկիտ, արագ, անկախ և անկողմնակալ հետաքննություն հակամարտության ընթացքում և դրանից հետո կատարված մարդու իրավունքների լուրջ խախտումների մեղադրանքների վերաբերյալ՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և տուժածներին հատուցելու համար»: