Եթե ​​տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակում լինի, ապա հայկական ջերմոցային տնտեսությունները թուրքական եւ ադրբեջանական արտադրողների համեմատ անմրցունակ կդառնան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ջերմոցային ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Պողոս Գեւորգյանը:

Փորձագետը պարզաբանեց, որ դա պայմանավորված է նրանով, որ Թուրքիայում այդ տնտեսությունները գործում են տաք կլիմայական պայմաններ ունեցող շրջաններում եւ փաստացի չեն ծախսվում գազի վրա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այնտեղ էներգետիկ ռեսուրսների գները զգալիորեն ցածր են, քան Հայաստանում: «Ուստի եթե տարածաշրջանում կոմունիկացիաներն ապաշրջափակվեն, հայկական ջերմոցային տնտեսությունները պարզապես կսնանկանան եւ կփակվեն: Համեմատության համար նշենք, որ թուրքական լոլիկի կիլոգրամը, հաշվի առնելով արտադրությունը, փոխադրումը, մաքսային վճարները, 300 դրամ է, մինչդեռ Հայաստանում արտադրվողի ինքնարժեքը 500 դրամ է»,- հավելեց Գևորգյանը:

Որպես իրավիճակից ելք փորձագետը նշեց արեւային էներգիայի օգտագործումը գազի փոխարեն, սակայն դա, ըստ նրա, լուրջ ներդրումներ է պահանջում: «Նման առաջարկով մենք դիմել ենք իշխանություններին: Հայաստանը միանգամայն կարելի է ջերմոցային արդյունաբերական երկիր դարձնել` օգտագործելով սեփական տնկիները, կոնստրուկցիաները, ինչպես նաեւ էներգիան (արեւային): Մենք առաջարկել ենք նաեւ արտոնյալ պայմաններ ստեղծել Հայաստանի լեռնային շրջանների ջերմոցային տնտեսությունների եւ այնտեղ արտադրվող էկոլոգիապես մաքուր եւ մրցունակ արտադրանքի արտահանման համար` հաշվի առնելով, որ նույն Եվրոպայում դա մեծ պահանջարկ ունի»,- շեշտեց նա: Սակայն քանի որ այդ շրջաններն արդեն սահմանամերձ են դարձել, անհրաժեշտ է լուծել նաեւ ներդրումների անվտանգության երաշխիքների հարցը: «Առայժմ մեր բոլոր առաջարկներն անպատասխան են մնում»,- եզրափակեց ՀԿ նախագահը:

Հիշեցնենք, որ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակում է նախատեսվում: