83-ամյա Արշակ Սահակյանը դժվարանում է պատմել տեղի ունեցածի մասին, դեռ սթրեսն է հաղթահարում: Նստած էր տիկնոջ հետ, երբ պայթուն լսվեց. տան պատուհաններն ու պատերը միանգամից թափվեցին:

«Մի պահ կայծ երևաց, ծածկոցը գցեցի վրան, որ եղածը չվառվի»,- ասաց  Արշակ Սահակյանը:

Արշակ պապը 82 ամյա տիկնոջ հետ ապրում է այս բնակարանում:  Պայթյունից հետո շտապօգնությունն է ժամանել, ամուսինները, բարեբախտաբար, մարմնական վնասվածք չունեն:

«Լավն էն էր, որ ողջ մնացինք, վնաս չեղավ, պատկերացրու էս հալիս օրինակ թևս կոտրվեր: Նայեցի տանն՝ ասացի ինչ-որ եղել, եղել է, ճիշտ է՝ մեծ հարստություն չի, բայց սիրտս ցավաց»,- պատմեց Արշակ Սահակյանը:

Արշակ պապն արդեն 2 տարի է առողջական խնդիրներ ունի, հիմնականում միշտ անկողնում է լինում: Այսօր արդեն մի քանի ժամ է ոտքի վրա է, պիտի տունը կարգի բերի, միայն թե, չգիտի ինչպես: Պայթունից հետո բնակարանը հոսանքազրկել են, գազի մատակարարումը նույնպես դադարեցված է:

«Միջոցներ են ձեռք առել, խոստացել են կոտրված ապակիները նորոգել, հետո հոսանքի հարց լուծեն, որ մի սենյակում իրենք տաքանան, քանի որ պապիկն առողջական խնդիրներ ունի, տնից չի ուզում դուրս գա: Քրեագետներին են սպասում, որպեսզի գան ու ասեն թե ինչից է եղել պայթունը»,- ասաց Արշակ պապի աղջիկը՝ Նելլի Հովհաննիսյանը:

Պայթունն ամենայն հավանականությամբ եղել է բնական գազից, սակայն փաստը դեռևս պետք է քննվի և ուսումնասիրվի:

«Տատիկին տարանք տաք տեղ, մինչև տաքանա ու այս հարցը լուծվի հետ կգա, իսկ պապիկը չի համաձայնվում ժամանակավորապես լքել տունը, տրակտորով էլ տանես` չի գնա»,- ասաց Նելլի Հովհաննիսյանը:

Շենքը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին: Նախկինում այսպիսի դեպքեր չեն եղել, իսկ պայթունից միայն այս տունն է վնասվել: Հրազդանի քաղաքապետարանից ասել են, որ միջոցներ կձեռնարկեն վնասները մեղմելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում: