ՀՀ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ով պաշտոնանկ լինելուց հետո նշանակվեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար կադրային լուրջ փոփոխություններ է իրականացնում։ Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ Թորոսյանը նշանակվելուց անմիջապես հետո աշխատանքից ազատել է նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կադրերին։ Տեղեկացանք, որ աշխատակազում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Ի դեպ Արսեն Թորոսյանը կառավարության աշխատակազմի հետ որեւէ շփում չի ունենում։

Աշխատակիցներից ոմանք հայտնեցին, որ եթե Էդուարդ Աղաջանյանի հետ հնարավոր էր լեզու գտնել, ապա Թորոսյանի հետ երկխոսությունը բացառվում է։ Նա անգամ շենք մտնելիս որեւէ մեկին չի բարեւում, արագ շտապում է իր աշխատասենյակ, իսկ հրամաններն արձակում օգնականի միջոցով։

Արսեն Թորոսյանի այս պահվածքն առաջացրել է կառավարության հնաբնակների ոչ միայն զարմանքն, այլև՝ զայրույթը։ Կառավարության աշխատակազմում ներքին «բունտ» է հասունանում, չի բացառվում դժգոհությունները ներկայացվեն Նիկոլ Փաշինյանին, չնայած, որ աշխատակիցները մեծ հույսեր չունեն, որ Փաշինյանը կազդի Արսեն Թորոսյանի վրա, հետեւաբար հարցին լուծում չտրվելու պարագայում չեն սպասի, որ Թորոսյանն ինքն իրենց ազատի աշխատանքից, դիմում կգրեն և կհեռանան։

Տեղեկությունների համաձայն Էդուարդ Աղաջանյանի հեռանալուց հետո չեն շփվում նաեւ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն ու Արսեն Թորոսյանը։

Այս հարցերի շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից։ Վերջինս Irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր և Թորոսյանի հարաբերություններին, ասաց, որ այն հիմնված է փոխադարձ հարգանքի մթնոլորտի վրա և կրում է աշխատանքային բնույթ։ Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, ապա խոսնակն ասաց․ «Ես չեմ տիրապետում նման տեղեկատվության, բայց կարծում, որ այն չի համապատասխանում իրականությանը»։

Irakanum.am