Ապրիլի 5-ից մայիսի 5-ը Երեւանում կանցկացվի դուդուկահարների միջազգային  մրցույթ-փառատոն։ Այն կազմակերպել են «Dudukman Production»-ը եւ դուդուկահար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Էմանուել Հովհաննիսյանը։

Մրցույթ-փառատոնի նպատակն է պատանի եւ երիտասարդ դուդուկահարների շրջանում նոր տաղանդների բացահայտումը, ինչպես նաեւ հայկական այս գեղեցիկ նվագարանի հանրահռչակումը:

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել մինչեւ 22 տարեկան դուդուկահարներ աշխարհի տարբեր երկրներից։

Մրցույթը կանցկացվի երեք փուլով։ Մրցութային փուլերում մասնակիցները կներկայացնեն հայկական երաժշտության տարբեր ճյուղեր։ Առաջին փուլում մասնակիցները կկատարեն ժողովրդական մեղեդի եւ միջին տեմպի պարեղանակ, երկրորդ փուլում երաժիշտները կներկայացնեն հոգեւոր երաժշտություն կամ Կոմիտաս  եւ  աշուղական երգի մեղեդի, իսկ երրորդ փուլում կնվագեն մեկ ստեղծագործություն ըստ ցանկության եւ իմպրովիզացիոն բնույթի արագ տեմպով պարեղանակ։

Մրցույթի բոլոր ելույթները կձայնագրվեն եւ կտեսագրվեն, այնուհետեւ կցուցադրվեն «Dudukman Production»-ի բոլոր սոցհարթակներում։ Լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան համագործակցել հանրահայտ արտիստների հետ, ինչպես նաեւ վարպետության դասեր ստանալ դուդուկի լավագույն մասնագետներից։ Բոլոր մրցանակակիրներին սպասվում են դրամական պարգեւներ եւ մրցանակներ պրոֆեսիոնալ ձայնագրության տեսքով։

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված կլինեն անվանի երաժիշտներ։

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ մարտի 15-ը՝ [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով։

Մրցույթի մասին այլ տեղեկություններ կարող եք ստանալ  «Dudukman Production»-ի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերից՝

https://www.instagram.com/dudukmanproduction/

https://www.facebook.com/dudukmanstudio ։