Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Տեղեկատվական միասնական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը չի բացառում, որ պատերազմի ընթացքում իրեն սխալ տեղեկատվություն է տրամադրվել:

Այս մասին Հովհաննիսյանն ասաց փետրվարի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Պատերազմի ընթացքում իմ կողմից մոտ 170 հրապարակում եղել է՝ հաղթելու ենք, ոչ թե հաղթում ենք, և նույն չփով էլ եղել է, որ վիճակը շատ ծանր է, սա գոյության կռիվ է և այլն: Քանի որ մենք այսօր պարտվել ենք, բոլորիս համար շատ ծանր էմոցիոնալ վիճակ է, դրանից հետո մենք անպայման ուզում ենք դավաճանների գտնել, և շատ ցավում եմ, որ զինվորականների մեջ են ուզում դավաճաններ գտնել»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ պատերազմի ողջ ընթացքում տեղեկությունները ստացել է բացառապես Պաշտպանության նախարարությունից, Գլխավոր շտաբից և Պաշտպանության բանակից, սակայն չի բացառում, որ ստացել է նաև սխալ տեղեկատվություն:

«Չեմ բացառում, պատերազմի ընթացքում բազում հակասություններ են եղել»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: