30-ամյա  մայոր Տիգրան Վարդանյանը հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից այրվող մեքենայից հրաշքով է փրկվել։ Տիգրանի խումբն իր հրամանատարությամբ Կուբաթլու՝ դարականակալման գործողության մեկնելու ճանապարհին է եղել, երբ մեքենան խոցվել է․ Տիգրանը դուրս է եկել, օգնել զինվորներից մի քանիսին, մինչեւ որ ուժասպառ եղած՝ ինքն էլ է նստել մեքենան ու տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ ուղղաթիռով Երեւան։

Տիգրանը, որ մարմնի տարբեր մասերի վիրավորումներ էր ստացել, ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվել, բավականաչափ կազդուրվել է, միայն ձախ ձեռքի մկաններն են, որ լիովին չեն ապաքինվել:

Մասնագետներն ասել են, որ 1-2 տարի անհրաժեշտ կլինի, որ ի վիճակի լինի նորից ծառայության վերադառնալ, բայց  մայորին երեք ամսվա արձակուրդն արդեն իսկ չափազանց երկար է։ Ցանկանում է հենց առաջիկա օրերին բժշկական ստուգող հանձնաժողովին խնդրել իրեն ծառայության վերադարձնել։

«Բժիշկների ասելով 6 ամսից մինչեւ 1 տարի պետք է վերականգնվի ձեռքս, բայց ես չեմ կարող, ինձ համար շատ մեծ ժամանակ է, ես գտնում եմ, որ դեռ լիքը անելիքներ ունեմ եւ հանրավորինս շուտ պետք է վերադառնամ: 2 օրից բժշկական կոմիսիան է, պետք է գնամ, խնդրեմ, որ ինձ վերադարձնեն շարք»,- ասաց նա:

Տիգրանը նախիջեւանյան ուղղության զորամասերից մեկում գումարտակի հրամանատարի տեղակալ էր։ 2011թ. ավարտել էր ռազմական ինստիտուտը, Արցախի զորամասերից մեկում նշանակվել մոտոհրաձգային դասակի հրամանատար, ապա Ապրիլյան պատերազմից հետո տեղափոխվել Հայաստան։

Հոկտեմբերի 9-ին Տիգրանն իր խմբի հետ մեկնել էր պատերազմ, մարտերին մասնակցել  հարավային ուղղությամբ։

«Իմ զինծառայողներից մեկին՝ սերժանտի, դիտարկման խնդիր դրեցի, որ բարձրանա բարձունքի վրա դիտարկում անի, հասկանանք՝ հակառակորդը որտեղ, ինչ գործողություն է անում, ինչ ուժերով։  Հայկը զեկուցեց ինձ, որ վիրավոր տղա է հայտնաբերել, խրամատների մեջ փլատակների տակ մնացած զինծառայող կար, հավատս չէր գալիս, որ ինքը կենդանի է։  Մենակ խռխռում էր, որ ինքը տենց մնացել էր։ Տղային տեղափոխեցինք, ողջ մնաց։ Դրանից հետո Հայկը ինձ նորից զեկուցեց, որ հրամանատար, ոնց որ թուրքերի մեջ ենք։ Ասեցի՝ չի կարա տենց բան լինի, հասկանամ՝ ինչ ա կատարվում։ Երկու բառ չհասցրինք խոսալ, թուրքերի ձեները լսվում էին, էդքան մոտ էինք իրար։ Հետո նկատեցինք հակառակորդին, հակառակորդն էլ՝ մեզ․ հետախուզական ստորաբաժանում էր, որովհետեւ իրենց որ ոչնչացրինք, իրենց հանդերձանքից, սպառազինությունից հասկացանք, որ իրոք լուրջ հետախուզական ստորաբաժանում էր։ Փոխհրաձգություն տեղի ունեցավ, մոտ 20 րոպե, լավ դիրքավորվել էինք, դժվար էր հակառակորդին տենց փոխհրաձգությամբ խոցելը, կապնվեցի մեր հրետանու պետի՝ գնդապետ Տառախչյանի հետ, որը շատ արագ կոորդինատները հանեց բարձունքների ու հրատանու հարվածով սկսեցին էդ երկու բարձունքների վրա կրակային խոցում իրականացնել։ Շատ մեծ թվով էր հակառակորդի ստորաբաժանումը, մեծ կորուստներով խուճապահար, անկականոն փախուստի էին դիմում։ Երեւում էր՝ մարդիկ ոնց էին թռնում օդ։ Նկատեցինք, որ հակառակորդն անկանոն փախուստի է դիմում։ Նորից կապվեցի, որ հրետանին տեղախոխի կրակն իրենց նահանջի ուղղությամբ, ես էլ առաջանամ, նախկինում զբաղեցրած դիրքերը հետ զբաղեցնենք։

Մի գնդացրային խումբ թողեցի կրակ ապահովող, մենք 4 հոգով բարձրացանք բարձունքի վրա՝ համոզվելով, որ հակառաորդ չկա։ Ու էդտեղ շատ ֆիլմերում է անգամ հազվագյուտ է հանդիպում, որ 5-10 մետրի վրա աչքերի մեջ նայելով հանդիպում ես մինչեւ ատամները զինված հակառակորդիդ։

Մի տաս-15 հոգի հակառակորդից մնացել էին, որ երեւի ավելի ճիշտ էին համարել հրետանու հարվածից թաքնվել հենց էդտեղ, քան փախչել։ Նրանք էլ, մենք էլ անակնկալի եկանք, որովհետեւ 100 տոկոս վստահ էի, որ էդտեղ պետք է մարդ չլինի։  Հենց հանդիպեցինք հակառակորդին, առանց խուճապի մատնվելու, նենց դրվագ էր, որ միայն հատուկ նշանակության ստորաբաժանումների մասին ֆիլմերում կարաս տեսնես տենց գործողություն։ 4 հոգով առանց խուճապի մատնվելու, իրար պատսպարելով ջախջախեցին ստորաբաժանմաը հակառակորդի։

Ցավոք սրտի, այդտեղ մի կորուստ են ունեցել, մեր սերժանտը հակառակորդի կրակոցից զոհվեց»,- պատմեց նա:

Մայորը պատմեց, որ նահանջել են մինչեւ Իշխանաձոր, որից հետո իրենց հերթափոխն է եղել, տուն են եկել կարճատեւ հանգստի, այնուհետեւ նորից  նորից վերադարձել մարտի դաշտ:

Սակայն այս անգամ Տիգրանը չհասցրեց հատուկ գործողությունը ավարտին հասցնել, նրանց մեքենան խոցվել է հարվածային ԱԹՍ-ից: