Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սայեդ Խաթիբզադեն քննադատել է Ֆիանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Թեհրանի հետ նոր միջուկային համաձայնագիր կնքելու մասին, որում կմասնակցի Սաուդյան Արաբիան, հաղորդում է Tasnim-ը:

Հայտարարության մեջ Սայիդ Խաթիբզադեն պատասխանել է Ֆրանսիայի նախագահի վերջին հայտարարություններին՝ կոչ անելով Էմանուել Մակրոնին զերծ մնալ հապճեպ եւ չմտածված որոշումներից:

«ՀՀԳԾ-ն բազմակողմանի միջազգային համաձայնագիր է, որը հաստատվել է ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձեւով: Այն ոչ մի դեպքում չպետք է վերանայվի, եւ դրա կողմերը նույնպես որոշված են ու անփոխարինելի»,-նշված է հայտարարության մեջ:

Նշելով միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալն ու այն ապահովելու հարցում ԵՄ անկարողությունը՝ իրանցի պաշտոնյան ասել է. «Եթե կա թեկուզ փոքր ցանկություն վերականգնել եւ փրկել ՀՀԳԾ-ն, ապա որոշումը պարզ է: ԱՄՆ-ը պետք է վերադառնա ծրագիր եւ չեղարկի բոլոր պատժամիջոցները, որոնք սահմանել էր Իրանի նկատմամբ նախորդ նախագահի օրոք, ինչպես նաեւ ՀՀԳԾ-ի հետ կապված պատժամիջոցները»:

«Եթե ֆրանսիացի պաշտոնյաները մտահոգված են Պարսից ծոցի արաբական պետություններին խոշոր չափով զենքի վաճառքով, ապա նրանք պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը»,-հավելել է Խաթիբզադեն:

«Ֆրանսիական զենքն այլ արեւմտյան զենքի հետ մեկտեղ ոչ միայն սպանել է հազարավոր եմենցիներին, այլ նաեւ Պարսից ծոցի տարածաշրջանում անկայունության հիմնական պատճառն է… Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ից ու այլ երկրներից առանց զենքի արտահանման դադարեցման հնարավոր չի լինի ակնկալել կայունություն եւ հանգստություն այդ դելիկատ տարածաշրջանում»,-եզրափակել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը: