Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 11:20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա Վարդգես Ղուկասյանի վարած Lexus RX-350 մակնիշի 04 XX 500 համարանիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Ալբերտ Կարապետյանի վարած ԿԱՄԱԶ-53212 մակնիշի 53 ՏL 303 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուծածներ չկան, իսկ ԿԱՄԱԶ-ը, որը բարձված է եղել վառելիքով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել Արփա գետի ափամերձ հատվածում:

Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն, հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Տեղի ուժերով և հատուկ տեխնիկայի միջոցով վառելիքը տեղափոխվել է մեկ այլ ավտոմեքենա, որից հետո՝ վերամբարձ կռունկի միջոցով ԿԱՄԱԶ-ը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտի:

Հետաքննիչ Հ. Սիրեկանյանը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել «Հարունի կամուրջ» կոչվող հատվածում, ԿԱՄԱԶ-ն էլ բեռնված է եղել 21 տոննա բենզինով: