Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը երկկողմ հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի եւ բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տարածքում, որը այսօր բացվել է Կիյամադդինլի բնակավայրի (Աղդամի շրջան) տարածքում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Իսկապես, Ադրբեջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բացումը շատ կարեւոր իրադարձություն է: Կուզեի համոզմունք հայտնել, որ Թուրքական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության զինծառայողներն, իհարկե, Ադրբեջանի աջակցությամբ, կանեն հնարավոր ամեն բան՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար»,- ասել է Ալեքսանդր Ֆոմինը:

Իր հերթին, Զաքիր Հասանովը նշել է, որ համատեղ դիտարկման կենտրոնի բացումը նշանակալի իրադարձություն է:

«Թուրք եւ ռուս զինծառայողները իրենց հարմարավետ կզգան եւ հանգիստ կլուծեն այն խնդիրները, որոնք իրենց առջեւ դրված են: Եւ մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի կենտրոնն ամբողջությամբ կարողանա կատարել իր առջեւ դրված խնդիրները»,- ասել է նա: