Հազարավոր մարդիկ երրորդ օրն անընդմեջ դուրս են գալիս Վարշավայի եւ Լեհաստանի այլ շրջանների փողոցներ այն բանից հետո, երբ երկրի աջակողմյան կառավարությունը կատարեց դատարանի որոշում` գրեթե ամբողջությամբ արգելելով աբորտները, գրում է The Guardian-ը:

Վարշավայում ցուցարարները թափահարում էին Լեհաստանի եւ ԼԳԲՏ համայնքի դրոշները եւ իրենց ճակատներին կրում էին Women Strike կազմակերպության կողմից օգտագործվող խորհրդանիշը, որը բողոքի ցույցերի հիմնական կազմակերպիչ կողմն է:

Ցուցարարները փողոց են դուրս եկել «Իմ մարմինն իմ ընտրությունն է», «Հեղափոխությունն արգանդ ունի», «Քո ձեռքերին արյուն է» գրություններով պաստառներով:

Որոշ ցուցարարներ ուրբաթ օրը ցույցի էին դուրս եկել կանաչ գլխաշորերով պարանոցին, որն աբորտի իրավունքի պաշտպանների խորհրդանիշն է  Արգենտինայում, որտեղ աբորտներն անցյալ օրինականացվեցին:

Հինգշաբթի որոշումը կայացրած սահմանադրական դատարանի տարածք մտնելուց հետո մի քանի ցուցարար էր ձերբակալվել:

Դատարանի որոշման համաձայն` Լեհաստանում ներկայումս արգելված են բոլոր աբորտները` բացառությամբ բռնաբարության եւ ինցեստի դեպքերի, ինչպես նաեւ` այն դեպքերում, երբ մոր կյանքն ու առողջությունը վտանգված են:

Հրամանագրով սահմանվել է, որ պտղի անոմալիաների զարգացման դեպքերում արհեստական ​​ընդհատումն անհամատեղելի է սահմանադրության հետ:
Լեհաստանում տարեկան գրեթե 2000 օրինական աբորտ է կատարվում, եւ, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների գնահատմամբ, եւս 200 000 կին աբորտ է անում կամ՝ անօրինական կամ արտասահմանում:

Կառավարությունը հայտարարել է, որ արգելքը կդադարեցնի «եվգենիկական աբորտները»` նկատի ունենալով Դաունի համախտանիշով ախտորոշված ​​սաղմերով հղիության դադարեցումը, սակայն իրավապաշտպան խմբերը հայտարարել են, որ դա կանանց կստիպի անկենսունակ հղիություններ տանել: