«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս 2020 թվականի հուլիսի 6-ին սահմանադրական վերջին փոփոխություններով ՍԴ նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանը, ինչպես նաեւ թոշակի ուղարկված երեք դատավորները՝ Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանը եւ Ֆելիքս Թոխյանը, դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Սակայն Եվրոպական դատարանը որոշել էր չկիրառել միջանկյալ միջոց: ՄԻԵԴ-ի հաղորդագրության համաձայն՝ «Գյուլումյանը եւ մյուսները՝ ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորները դիմել են ՄԻԵԴ-ին՝ հույսով, որ դատարանը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեք հայցվորները՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը եւ Ֆելիքս Թոխյանը՝ դատավորների պաշտոններից, սակայն փաստացի դա տեղի չէր ունեցել:

Իսկ արդեն հիմնական գանգատը նախկին դատավորները ներկայացրել էին օգոստոսին: Սակայն հետաքրքիր է, որ մինչեւ այժմ, այսինքն՝ դիմումից հինգ ամիս անց էլ ՄԻԵԴ-ից որեւէ արձագանք առկա չէ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը հայտնեց, որ իրենց դիմումից որեւէ արձագանք առկա չէ՝ նկատելով, որ Եվրոպական դատարանում դիմումների քննարկման գործընթացի ժամկետն անկանխատեսելի է եւ կարող է երկար տեւել:

Դրան զուգահեռ նկատենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվար ամսվա նստաշրջանում ընդունեց բանաձեւ (Res. 2357)` հիմնված Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի վրա (Doc. 15211), որում անդրադարձ է կատարվել նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին: Եվ բանաձեւում հետաքրքիր ձեւակերպումներ էին առկա, օրինակ՝ 9.2 կետում նշված է, որ Վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում մոնիտորինգի ընթացակարգի ներքո գտնվող կամ հետմոնիտորինգային երկխոսության մեջ ներգրավված մի շարք երկրներում տեղի ունեցող զարգացումների եւ չլուծված խնդիրների վերաբերյալ։

Որպես նշվածի օրինակ՝ վկայակոչված է Հայաստանի Հանրապետության կողմից առանց Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ամբողջապես հաշվի առնելու ՍԴ կազմի հրատապ փոփոխությունը։ Խոսքը հենց այս փոփոխության մասին է, որ Հրայր Թովմասյանը դարձավ ՍԴ շարքային անդամ, իսկ Նազարյանի, Գյուլումյանի եւ Թոխյանի լիազորությունները դադարեցվեցին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակով պայհմանավորված երբ հանրաքվեն չեղարկվեց, իշխանությունը ստիպված դիմեց այլ քայլի, եւ հարցը որոշեցին լուծել խորհրդարանում, որի օրինականությունը նաեւ վիճարկվում է Սահմանադրական դատարանում: Եվ ստացվում է՝ անգամ հաշվի չէր առնվել վեհաժողովի կարծիքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում