Աղդամի շրջանում բացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնն աշխատանքի նպատակով կօգտագործի անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով:

«Կենտրոնը կհավաքի, կկազմի և կստուգի տեղեկատվությունը հրադադարի ռեժիմի պահպանման և կողմերի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունների մասին: Վերահսկողությունը կիրականացվի անօդաչու թռչող սարքերի օգտագործման, ինչպես այլ աղբյուրներից ստացված տվյալների գնահատման միջոցով», — ասվում է գերատեսչության կողմից տարածված հաղորդագրությունում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ռուս-թուրքական կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը և Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաոսմանօղլուն:

Հիշեցնենք՝ այսօր Աղդամում տեղի է ունեցել ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացումը, որի պահպանումը կիրականացվի ադրբեջանական բանակի կողմից։

Կենտրոնի տեղակայման վայրի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 4 հա։ Տարածքը ցանկապատված է, դրա շուրջ տեղադրված են չորս դիտորդական աշտարակներ։