ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր օրենք է ստորագրել, ըստ որի՝ 5 տարով երկարաձգվում է Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման մասին պայմանագիրը (ՌՀԶԿՊ կամ СНВ-3), հաղորդում է Կրեմլի կայքը:

«Նախագահը դաշնային օրենք է ստորագրել «2010 թվականի ապրիլի 8-ի՝ Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման եւ սահմանափակման հարցով միջոցների մասին Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների միջեւ կնքված պայմանագրի երկարաձգման մասին Համաձայնագիրը վավերացնելու մասին»»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ СНВ-3 պայմանագիրն ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարի 5-ին: Այն նախատեսում Է, որ կողմերից յուրաքանչյուրն իր միջուկային զինանոցները կրճատի այնպես, որպեսզի յոթ տարի անց եւ հետագայում սպառազինությունների միագումար քանակը չգերազանցի 700 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, բալիստիկ հրթիռները՝ սուզանավերի եւ ծանր ռմբակոծիչների վրա, ինչպես նաեւ 1550 մարտագլխիկները եւ ծավալված եւ չծավալված 800 արձակման կայանքները:

2010 թվականին կնքված СНВ-3 պայմանագրի ժամկետը պետք է լրանար 2021 թվականի փետրվարի 5-ին: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այն հայտարարել էր ԱՄՆ-ի համար ոչ շահավետ եւ հայտարարել նոր փաստաթղթի մշակման անհրաժեշտության մասին՝ Չինաստանին բանակցություններին ներգրավմամբ: Թրամփի վարչակազմի հետ բանակցություններն անարդյունք էին անցել: Թրամփին փոխարինած Ջո Բայդենը կողմ է արտահայտվել այդ պայմանագրի երկարաձգմանն առանց հավելյալ պայմանների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: