Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը ձախողած, տնտեսական որեւէ առաջընթաց չգրանցած իշխանությունը սկսել է յուրայիններին պատժելու իմիտացիա ստեղծել։ Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը տարածել էր հաղորդագրություն համաձայն, որի ձերբակալվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյա, ով կաշառք է ստացել։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերության անվամբ Արաբական Միացյալ Էմիրություններից «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ՀՀ է ներմուծվել և հայտարարագրվել է 148.535 ԱՄՆ դոլար հաշիվ ապրանքագրային արժեքով 1776.84 մետր կարատ քաշով մշակված ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 72.014.112 ՀՀ դրամ, այնինչ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ընկերության կողմից վերոգրյալ հայտարարագրով ՀՀ ներմուծված և փորձագետի կողմից 18.09.2020 թվականի դրությամբ հետազոտված ադամանդների շուկայական արժեքն ավելին է, քան 420.000.000 ՀՀ դրամը, որի արդյունքում պետությանը պակաս է հաշվարկվել և վճարվել առանձապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարներ:

Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների համաձայն պաշտոնյային կաշառք են տվել  գործարարներ Արմեն և Արտակ Բաղիկյանները, որոնք զբաղվում են ադամանդագործությամբ: Ի դեպ, 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ գործարար Խաչատուր Սուքիասյանը անձամբ ներկա էին գտնվել երկու եղբայրների կողմից Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հանդիսավորությամբ բացված «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի վերամշակման վերազինված գործարանի արարողությանը: Նշենք, որ ադամանդի վերամշակմամբ զբաղվող գործարանը 2018թ.–ին Աբովյանում հիմնադրել է Արաբական Միացյալ Էմիրություններում 2014 թվականին հիմնադրված «Արվա Դայմոնդս ԴԲՀԲ» ընկերությունը։ Խաչատուր Սուքիասյանը սերտ հարաբերությունների մեջ է գործարար եղբայրների հետ, և տեղեկությունների համաձայն Արտակ և Արմեն Բաղիկյաններին՝ Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթացնողը հենց Սուքիասյանն է եղել։ Մեր տեղեկությունների համաձայն Սուքիասյանը նաեւ ադամանդի բիզնեսի կնքահայրն է, ով ամենայն հավանականությամբ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի սրտի գործարարը կարող է իրեն թույլ տալ ապօրինություններ։ Սակայն նրանք հաշվի չէին առել մեկ կարևոր հանգամանք։ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ սիրում է յուրայիններին պատժել և հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող իշխանությունը հայտարարել էր, որ կոռուպցիան տեղ չունի նոր Հայաստանում, հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել իմիտացիա ստեղծել և հայտարարել թե տեսեք մեր մոտիկներին էլ ենք պատժում, բանտերը գցում։

Ի դեպ ադամանդի ապօրինի բիզնեսի մասին ավելի վաղ խոսել էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Ստի վերջը» շարքի չորորրդ տեսանյութում Մինասյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգ. «Սխեման հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետություն մաքսանենգ ճանապարհով ներմուծվում են ադամանդներ Հնդկաստանից, տարվում են հայտնի երկու-երեք գործարաններ, որտեղ նրանք դառնում են հայկական, որովհետև էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր է տալ փաստաթղթերի ամբողջ փաթեթը, թե դրանք ոնց դարձան հայկական։ Եվ այդ ընկերություններին տալիս են հայկական քվոտաները, և հայկական քվոտաների ներքո այդ հնդկական ադամանդները, որոնք դարձել են հայկական արտահանվում են երկրներ, չասենք՝ որ երկրներ, ինչքան, առանց մուծելու ոչ մի հարկ, ոչ մի մաքսային հարկ, ոչինչ»։

Միքայել Մինասյանն ասել էր,  որ ըստ պետական վիճակագրության 2020 թվականի առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանում կար 20 միլիարդի ադամանդ։ Իսկ այդ քանակի ադամանդ մշակելու համար պետք է լինի ավելի քան 1400 աշխատող, այն դեպքում, երբ այդ ոլորտում Հայաստանում գրանցված է 400 աշխատող. «Հետևաբար՝ այդ քանակը անհնարին է անել եղած մարդկանցով։ Ավելացնեմ մի բան էլ, որ Հայաստանում դա անեն, պետք կլինեն մեծ գործարաններ, այդ գործարանները պետք է սպառեն մեծ էլեկտրաէներգիա, հարկ տան 1400 հոգու համար։ Այդ ամենը չկա, կա միայն մի թիվ, որ Հայաստանից արտահանվել է 20 միլիարդի ադամանդ և ոսկի։ Այդ համակարգը ստեղծված է և ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի և Նիկոլ Փաշինյանի ընտանիքի կողմից, որովհետև այդ մարդիկ Հայաստանի միջազգային հեղինակության հաշվին կազմակերպել են միջազգային մաֆիոզ ներմուծման և արտահանման համակարգ»։

Այս բացահայտումից ամիսներ անց ԱԱԾ-ն կաշառքի գործով հաղորդագրություն է տարածում, տեղեկացնելով, որ գործարար եղբայրները ևս բերման են ենթարկվել, սակայն որեւէ խոսք այն մասին, թե ինչու՞ անպատիժ մնաց Խաչատուր Սուքիասյանը։ Արդյո՞ք նրանց պատժելով Փաշինյանը փորձում է մաքրել իր անունը։ Ինչ զարգացումներ կունենա այս գործը, ցույց կտա ժամանակը, առայժմ ակնհայտ է, որ կոռուպցիան «նոր»  Հայաստանում ոչ թե արմատախիլ է եղել, այլ պարզապես դրանով ուրիշներն են սկսել զբաղվել։