Իսպանիայի առողջապահության նախարարությունը Եվրամիությանը մեղադրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ուշացման համար, որի պատճառով Մադրիդը ստիպված է եղել դադարեցնել պատվաստումները: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ իսպանական El Mundo թերթին հղումով, որի ձեռքի տակ է հայտնվել պաշտոնական փաստաթուղթ:

Նշվում է՝ պաշարների նվազման, ինչպես նաև վարակների նոր դեպքերի ռեկորդային մակարդակի պայմաններում Մադրիդի տարածաշրջանային իշխանությունները դադարեցրել են պատվաստումները ու մնացած պաշարներն օգտագործում են պատվաստանյութերի երկրորդ չափաբաժինը ներարկելու համար նրանց, որոնք արդեն իսկ ստացել են առաջինը:

Պայմանավորված որոշակի շրջանների քննադատություններով՝ կենտրոնական կառավարությունը մեղադրել է Բրյուսելին՝ մատակարարման առնչությամբ խնդիրների պատճառով:

«Հենց Եվրամիությունն է բանակցում ու պայմանագրեր կնքում, նա է պատասխանատու մատակարարման մշտադիտարկման և ճիշտ կատարման ապահովման համար»,- ասվում է փաստաթղթում:

Հիշեցնենք՝ ԵՄ պատվաստումների ծրագիրը, որն արդեն հետ է մնում Մեծ Բրիտանիայից, Իսրայելից ու ԱՄՆ-ից, անցյալ շաբաթ մի քանի խոչընդոտների էր հանդիպել, քանի որ Pfizer և AstraZeneca դեղագործական ընկերությունները հայտարարել էին, թե ծրագրված մատակարարումները կհետաձգվեն:

Այս ամենի ֆոնին սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի անցկացրած պաշտոնական հարցման տվյալների համաձայն՝ պատվաստվել ցանկացող իսպանացիների թիվը, հասել է գրեթե 73%-ի՝ ի համեմատ մեկ ամիս առաջվա մոտ 40%-ից:

Ըստ չորեքշաբթի օրը հրապարակված տվյալների՝ Իսպանիան ներարկել է շուրջ 1.4 միլիոն դեղաչափ, որը կազմում է նրա ընթացիկ պաշարների 78%-ը: