Եվրոպական կարգավորիչը կապ չի գտել ԵՄ-ում տարեցների շրջանում մահերի եւ Pfizer եւ BioNTech ընկերությունների Comirnaty պատվաստանյութով պատվաստման միջեւ, հաղորդում է Դեղորայքի եվրոպական գործակալությունը (EMA):

«Անվտանգության այդ թարմացումը ներառում է անվտանգության գործակալության կոմիտեի (PRAC) կողմից մահերի գնահատում, որոնք գրանցվել են Comirnaty դեղամիջոցով պատվաստումից հետո: PRAC-ն այդ դեպքերի անալիզ է անցկացրել եւ ուշադրություն հատկացրել այլ հիվանդությունների առկայությանն ու համապատասխան տարիքային խմբերի համար մահացության մակարդակին»,-ասվում է գործակալության հայտարարության մեջ:

Պատվաստանյութին հավանություն են տվել ԵՄ-ում 2020 թվականի դեկտեմբերի 21-ին:

Ավելի վաղ բժիշկների մոտ կասկածներ են առաջացրել տարեցների մահվան դեպքերը այդ դեղամիջոցով պատվաստումից հետո: Մասնավորապես, նման դեպքեր են տեղի ունեցել Գերմանիայում, ինչպես նաեւ ԵՄ սահմաններից դուրս՝ Շվեյցարիայում եւ Նորվեգիայում, հաղորդում է Ինտերֆաքսը: