Չնայած նախագահ Ջո Բայդենը չեղյալ է հայտարարել իր նախորդի` Դոնալդ Թրամփի նախաձեռնությունները, սակայն Տիեզերական ուժերի ստեղծումը, կարծես, ուժի մեջ է մնում, փոխանցում է AP-ն:

Պատճառը հիմնականում հետեւյալն է. դրանց վերացման համար կպահանջվի Կոնգրեսի ակտը, որում փոխադարձ համաձայնությամբ պնդվում է, որ Ամերիկայի աճող կախվածությունը տիեզերքից տագնապալի խոցելիություն է, որը լավագույնս ճիշտ է լուծել բացառապես այդ խնդրի վրա կենտրոնացած ռազմական մի ճյուղով:

Դա նաեւ պայմանավորված է Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի աճող զգուշավորությամբ, որը տիեզերքում ԱՄՆ արբանյակներին սպառնացող հնարավորություններ է զարգացնում եւ որը, ոմանց կարծիքով, ազգային անվտանգության հատուկ խնդիր է դարձել: Վաշինգտոնը նաեւ Ռուսաստանին է մեղադրում տիեզերքում ամերիկյան գերիշխանությանը մարտահրավեր նետելու ձգտման մեջ:

«Նրանք հնարավորություն են ստեղծում` տիեզերքը մեր դեմ օգտագործելու համար: Մենք պետք է կարողանանք արձագանքել դրան»,- անցյալ շաբաթ ասել էր գեներալ Ջոն Հայթենը` նկատի ունենալով Ռուսաստանին եւ Չինաստանին: Որպես պրոֆեսիոնալ տիեզերական սպա` Հայթենն ասում է, որ իրեն հաճախ հարցնում են, թե ի՞նչ կլինի տիեզերական ուժերի հետ Բայդենի օրոք: Թեեւ նա ոչ մի կանխատեսում չի արել, սակայն ակնհայտորեն կարծում է, որ տիեզերական ուժերը պետք է մնան:

Բայդենը հրապարակավ չի մեկնաբանել իր մտադրություններն այս կապակցությամբ: Նրա պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը խուսափողականորեն շեշտում է տիեզերքի ռազմավարական նշանակությունը: Չնայած ոմանք այն Թրամփի փառամոլ նախագիծն են համարում, սակայն զինված ուժերում դա սթափ կերպով որպես տիեզերքում ԱՄՆ շահերն ավելի արդյունավետորեն պաշտպանելու անհրաժեշտության վերահաստատում է ընկալվում, հատկապես` արբանյակների, որոնք օգտագործվում են քաղաքացիական եւ ռազմական նավիգացման, հետախուզության եւ կապի համար: