Քանի որ հավաքը դուրս է եկել խաղաղ լինելու շրջանակներից, դուրս է եկել վերահսկողությունից, ոստիկանությունը որոշում է կայացրել, որպեսզի դադարեցվի հավաքը: Այս մասին, կառավարության շենքի մոտ դիմելով Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով հանրահավաքի կազմակերիչներին, ասաց ոստիկանության ներկայացուցիչը:

«Հավաքի մասնակիների շրջանում առանձին դրսեւորումներ են եղել, բռնության կոչեր են հնչեցրել եւ բռնությանը բնորոշ գործողություններ են իրականացրել»,-ասաց նա:

Ակցիայի կազմակերպիչներից մեկը հայտարարեց, որ հիմա վերադառնում են Հանրապետության հրապարակի այն հատվածը, որտեղ սկզբում հավաքվել էին. «Ով դրան չի ենթարկվում, նշանակում է, որ չի ուզում, որ մենք այսօր հաջողենք, խանգարիչներ են: Ոստիկանության հետ բախումները դադարեցնում ենք:

Մենք այսօր արեցինք այն, ինչը մեր ուժերից վեր էր՝ ցույց տալով, որ մենք պատրաստ ենք մեր խոսքի տերը լինել: Բայց քանի որ նխորդ տարաբնույթ ըմբոստություն դրսեւորած մարդկանցից որոշակի չափով մարդիկ հավատը կորցրել են, վստահ եմ, դրա համար չեկան:

Մենք մինչեւ հիմա չէինք ասում, թե ինչ գործողության մասին է խոսքը, քանի որ հիմա դա թաքցնել հնարավոր չէ, մենք 1-2 օրվա ընթացքում կիրականացնեք այս գործառույթը: Պետք է հետեւել մեր կոչին եւ որ օրը կասենք, այդ օրը, այդ ժամին լինել այստեղ՝ իրացնելու մեր սահմանադրական իրավունքը:

Հիմա խնդրում եմ՝ որեւէ բողոքի գործողություն չանել, որովհետեւ մեր ուժերն անհավասար են: Եթե մենք լինեինք բավարար չափի, ոստիկանությունն այլ պահվածք կունենար եւ մեզ կպաշտպաներ: Մենք ձեզ կասենք, թե մեր հաջորդ կտրուկ քայլերը որոնք են»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենց պատասխանատուներից մեկին՝ Արշակ Զաքարյանին բերման են ենթարկել, ինքն էլ հիմա պետք է գնա ոստիկանություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հավաքի մասնակիցները փորձեցին մուտք գործել կառավարության շենք, սակայն այստեղ գտնվող մեծ թվով ոստիկանները թույլ չտվեցին դա անել: