Չորեքշաբթի երեկոյան Սլովակիայի Ազգային խորհուրդը (խորհրդարան) հաստատել է կառավարության պատրաստած փաստաթուղթը, որով որոշվում է հանրապետության նոր պաշտպանական ռազմավարությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթում, որի օգտին քվեարկել է նիստին ներկա 120 պատգամավորից 108-ը (Սլովակիայի խորհրդարանն ունի 150 պատգամավոր), արձանագրվում է, որ հանրապետության պաշտպանական ռազմավարությունը ելնում է ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն իր անդամակցության անփոփոխ փաստից: Երկրի գլխավոր առաջնահերթություններն են ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության ապահովումը:

«ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն իր անդամակցությունը Սլովակիային հնարավորություն է ընձեռում դաշնակից պետությունների եւ գործընկեր երկրների հետ համատեղ զարգացնել [պաշտպանության եւ անվտանգության] հնարավորությունները, որոնց նա ինքնուրույն հասնել չէր կարողանա»,- նշված է փաստաթղթում:

Փաստաթղթում ամրագրված խնդիրներից մեկն է Սլովակիայի ռազմաարդյունաբերական համալիրի մասնակցության մեծացումը երկրի պաշտպանունակության գործին: Սլովակիայի նախորդ պաշտպանական ռազմավարությունը խորհրդարանը հաստատել էր 2004 թվականին ՆԱՏՕ-ին անդամագրվելուց հետո, որը գործել է վերջին 16 տարիների ընթացքում: