ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հետ կայանալիք հանդիպմանը։

«Այո, իրոք հանդիպման ամսաթիվը և վայրը այս պահին համաձայնեցված է՝ ամսի 30-ին։ Դեռևս հանդիպման օրակարգի շրջանակները զուտ հունվարի 11-ի հայտարարությունն է, հայտարարության 4-րդ կետի շրջանակներում ենք լինելու։ Ավելի կոնկրետացում ու հստակեցում այս պահին չունենք, կհանդիպենք, կտեսնենք»,- ասաց նա։

Հայկական կողմի օրակարգի մասին հարցին անդրադառնալով՝ Գրիգորյանն ասաց, որ օրակարգի ձևավորման համար նախ պետք է հանդիպումը լինի։

Անդրադառնալով այն տեսակետներին, որ ճանապարհների ապաշրջափակումն արդյոք Հայաստանին օգուտ կտա, անվտանգության հարցեր չեն առաջանա՞, փոխվարչապետը պատասխանեց․ «Բարդ աշխատանք է, շատ հարցեր կան, որոնք պետք է վերլուծվեն և կարգավորվեն։ Բայց, իհարկե, հնարավոր համարում եմ»։

Նա նշեց, որ բազմաթիվ բաղադրիչներ կան այդ հարցի հետ կապված, այդ թվում՝ անվտանգության։ «Եվ վստահ եմ, որ խնդրի լուծման համար այդ բազմաթիվ բաղադրիչները պետք է մանրամասն փորձաքննության ենթարկվեն, որպեսզի ձևավորվի համակարգ, որը իրոք կաշխատի»,- հավելեց նա։ Հարցին, թե ադրբեջանական կողմի հետ կարո՞ղ է լինել փոխվստահության մթնոլորոտ, նա պատասխանեց, որ դժվար է այսօր այդ հարցին պատախսանել։ «Բայց, իհարկե, պետք է լինի, որպեսզի նպատակն իրականանա, հակառակ դեպքում դժվար կլինի իրականացնել»,- ասաց նա։